տուն Լուրեր Ինչով է պայմանավորված հակակարկտային կայանքների անարդյունավետությունը

Ինչով է պայմանավորված հակակարկտային կայանքների անարդյունավետությունը

115
0

Artak-Manukyan

Ձեռք ենք բերել էժան հակակարկտային կայանքներ, որոնք արդյունավետությունը ցածր է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում տեղակայված հակակարկտային կայանքներին` նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը. «Տարիներ շարունակ մեր պետական բյուջեն մսխվում է հենց պետական գնումների առումով (թեև մի մասը` օբյեկտիվորեն),  պատվիրատուների մասնագիտական անկարողության պատճառով, օրինակ` դու կարող ես գնել հակակարկտային կայանք, որը ցածր արդյունավետություն ունի, և կարող ես քեզ թույլ տալ մի փոքր մեծ շռայլություն և ավելի թանկը գնել, որն ավելի հուսալի կլինի, արդյունավետությունն էլ` ավելի մեծ»:

Իսկ այս առումով, տնտեսագետի խոսքով` պետությունը միշտ նույն կերպ է վարվում, ոչ միայն հակակարկտային կայանքների պարագայում, այլ նաև բոլոր ոլորտներում` էժան և անարդյունավետ. «Մենք տարիներ շարունակ կարծես թե ամրագրում ենք այն սկզբունքը, որ էժան լինի, բայց պետք է հասկանանք, որ միայն էժանը դնել որպես չափանիշ, երբ երկարաժամկետ ծրագրեր եք անում, այնքան էլ կոռեկտ չէ: Ռազմավարական գնահատում պետք է լինի` երկիրը նախընտրում է էժա՞նը լինի` մի անցք կարկատան անի, թե՞ ավելի երկարաժամկետ տեսլական լինի, մի փոքր ավելի  թանկ լինի: Հիմա, ցավոք, նման հաշվարկներ չեն իրականացվել»:

Արտակ Մանուկյանը նաև հավելեց. «Երկու հայկական ընկերություններ կան, որոնցից էլ հիմնականում ձեռք են բերվում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանքները: Իսկ դրանց ճակատագիրը ի՞նչ կլինի… սա էլ է ռազմավարության բացակայության մասին խոսում, որովհետև գնման գործընթացը չի ավարտվում միայն գնում կատարելով, նաև այստեղ շատ կարևոր է ակտիվի օտարումը, այսինքն` դրանից հետո ինչպե՞ս եք այդ ակտիվ ոչնչացնում: Հիմա եթե մենք իրականացնում ենք մի բան` լինի դա պարարտանյութ ձեռք բերել, գյուղացու սուբսիդավորում, մենք պետք է այդ ռազմավարական մոտեցումներն արդեն վերջում պատկերացնենք»:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ պիլոտային ծրագիր է իրականացվելու, որով հակակարկտային համակարգը կանցնի հրթիռայինի, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նշված հրթիռային համակարգն իսկապես ավելի հուսալի ու արդյունավետ է, բայց ավելի թանկ. «Անընդհատ խոսում են ներդրումների մասին, իսկ մեզ համար ամենակարևոր ներդրումն այն կլինի, որով մենք կնպաստենք, որ հայ մարդը, հայ գյուղացին ամրացված լինի իր հողին: Եվ եթե մենք այս խնդրում օգնում ենք գյուղացուն, սրանից ավելի էֆեկտիվ ներդրում չկա: Ի դեպ, ասեմ, որ նման կարգի շահութաբերությամբ աշխատող ուրիշ բնագավառ դժվար է գտնել, ակնհայտ է, որ գյուղում ամենացածր շահութաբերությունն է: Եվ եթե մենք կարևորում ենք մեր տնտեսության ապագան, սրանից լավ ներդրումային ծրագիր չկա»: