տուն Լուրեր Ինչո՞ւ ուսանողն ավարտելուց հետո չի կարողանում աշխատանք գտնել

Ինչո՞ւ ուսանողն ավարտելուց հետո չի կարողանում աշխատանք գտնել

125
0

1389552261_arm138955191595

Կրթության ոլորտում խնդիրներն այսօր բավականին շատ են: Ամենաակտուալ խնդիրներից մեկն էլ այն է, որ հայաստանյան շատ բուհերում ուսանողները չեն ստանում պրակտիկ գիտելիքներ հետագայում աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար:

Թեմային այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը. «Եթե խոսում ենք բարձրագույն կրթության համակարգում գիտելիքների փոխանցման ու աշխատաշուկայի պահանջների մասին, այստեղ շատ արդիական է հնչում հնացած գիտելիքի գաղափարախոսությունը, երբ բուհական համակարգում դասավանդողները տալիս են այնպիսի գիտելիքներ, որոնք տվյալ ժամանակահատվածում աշխատաշուկայում պահանջված չեն: Այստեղ մենք կշեռքի երկու նժարներին ունենում ենք երկու տարբեր հարաբերակցություն. մի կողմից աշխատաշուկան է, որն ուսանողի համար բուհական տարիներին անտեսանելի ինչ-որ մի հարթակ է, մյուս կողմից` բուհ և գործատու հարաբերակցությունը: Ներկա պահին գնահատական տալով այդ բուհ-գործատու հարաբերություններին` կարող ենք ասել, որ բուհը և աշխատաշուկան դիսկուրսի մեջ չեն»:

Հայաստանի Ուսանողական ազգային ասոցիացիայի անդամ Մարիամ Եվդոկիմովան էլ, ով նաև ուսանող է նշեց, որ այսօր բուհերում գուցե տեսական գիտելիքների առումով ուսանողները բավարարված են, բայց գործնական գիտելիքները բուհն ավարտելուց հետո աշխատաշուկա մտնելու համար բավարար չեն լինում. «Տեսական գիտելիքների մասով, այո՛, ուսանողները մասամբ բավարարված են, բայց գործնական գիտելիքների մասով, այն ամբողջ հմտությունները, որ ուսանողը ձեռք է բերում այդ փուլերում, միասնական ու կազմակերպված չեն: Աշխատաշուկայի պահանջները և կրթությունը չեն համապատասխանում իրար, և ոչ բոլոր ուսանողներն են պատրաստ ավարտելուց հետո անցնել աշխատանքի»:

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը, ով ընդգծեց, որ խնդիրը գերակայություն է նաև նախարարության և բուհերի համար. «Սա մի խնդիր է, որն անընդհատ թարմացման կարիք ունի: Պետք է նշեմ, որ գործատուների մասնակցությունը կրթական պրոցեսին շատ ենք կարևորում և աշխատում ենք նրանց ընդգրկել մեր փաստաթղթերը մշակելիս նախ կրթական չափորոշիչները մշակելու գործընթացում: Նաև նրանց ընդգրկում ենք ամփոփիչ ատեստավորման քննություններին, այդ ժամանակ հանձնաժողովի մի մասը կազմում են գործատուները: Այս երկու մասերում մենք նրանց հետ կապն ապահովում ենք:

Հաջորդ խնդիրը ռեալ պրակտիկաների կազմակերպումն է և դրանց ավելի շատ ժամանակի տրամադրումը, կան պրակտիկաներ, որ ձևական են»:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ