Արդեն մի շարք երկրներ հաստատել են, որ պետական բարձր մակարդակով ներկա կգտնվեն ապրիլի 24-ին Հայաստանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, մինչդեռ Ռուսաստանը չի շտապում այս մասին հայտարարություններ անել: Ռուսաստանը, ինչպես և մնացած երկրները, զբաղվածության պատճառով դեռևս չի հայտնել ապրիլի 24-ին Հայաստանում իր ներկայացվածության մասին: Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերջին շրջանում նեյտրալ վերաբերմունք չի դրսևորում Հայաստանի նկատմամբ, քանի որ չարձագանքեց ոչ Հռոմի Պապի ելույթին, որտեղ վերջինս արտասանեց «ցեղասպանություն» բառը և ոչ էլ անդրադարձավ՝ Պապի ելույթին հաջորդած Էրդողանի էմոցիոնալ արձագանքներին, քաղաքագետը նշեց.
«Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Թուրքիան դիվանագիտական համընդհանուր շահեր ունեն: Պուտինը չանդրադարձավ Թուրքիայի պատասխանին, բայց Հռոմի Պապի ելույթի կապակցությամբ ասաց, որ նա խելացի մարդ է և ինչ-որ ասում է, ճշմարտությունն է: Այս տեսանկյունից Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ բացասական չէ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Թուրքիայի հետ Ռուսաստանին կապում են մի շարք տնտեսական և էներգետիկ շահեր, ուստի Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը հասկանալի է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Վարդուհի Ստեփանյան