տուն Լուրեր Ինչո՞ւ հենց իմ սուրբ ընտանիքը. հարցազրույց Ավետիսյանների դստեր հետ (լուսանկարներ)

Ինչո՞ւ հենց իմ սուրբ ընտանիքը. հարցազրույց Ավետիսյանների դստեր հետ (լուսանկարներ)

94
0

Avetisyans-family-portraits-dead

Հունվարի 12-ին կլրանա գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի ողբերգության մեկ տարին: Ararartnews.am-ի լրագրողը այս մեկ տարվա անցուդարձի, դատական գործընթացների մասին զրուցել է Ավետիսյանների դստեր՝ Լուսինե Ավետիսյանի հետ:

— Դժվարությամբ, բայց ստիպված  վերադառնալու ենք այս ցավոտ թեմային. լրանում է մեծ ողբերգության մեկ տարին և չենք կարող չանդրադառնալ` ամփոփելով այն, գործի զարգացումները, դատական պրոցեսները: Ինչպես կամփոփեք դրանք:

-Սպասում ենք, որ գործն ամբողջությամբ հանձնեն մեզ, մեր ձեռքը լինեն նյութերը, որի հիման վրա էլ կանենք մեր եզրակացությունները: Մենք մասնակցել ենք Պերմյակովի դատին դասալքության համար, բայց սպանության հոդվածով դատը, ինչպես գիտեք, լինելու է Գյումրիում, դեկտեմբերի 18-ին և մենք՝ բոլորս, անհամբեր սպասում ենք դրան: Չգիտեմ, մի ներքին հույս կա, որ արդար դատավճիռ է լինելու:

— Վստահո՞ւմ եք հայաստանյան դատական համակարգին:

-Այդ հարցին հիմա հստակ պատասխանել չեմ կարող մինչև դատը չլինի, մինչև քննություն չլինի: Ամեն դեպքում մինչ այս պահը մեր փաստաբանների կատարած աշխատանքից մենք դժգոհություն չունենք, իսկ վերջնական գնահատական տալ դեռևս չեմ կարող:

— Մի կողմ թողնելով դատական պրոցեսները,  ուզում եմ Ավետիսյանների հարազատների կարծիքին ու այս մեկ տարվա ընթացքում կատարած սեփական վերլուծություններին ծանոթանալ: Ի՞նչ եզրահանգման եք եկել: Տարբեր վարկածներ քննարկվեցին և քննարկվում են մինչև օրս: Ո՞րն է Ավետիսյանների հարազատների կարծիքով ամենահիմնավոր վարկածը: Ի՞նչը կարող էր պատճառ լինել մի ամբողջ ընտանիքի ողբերգության:

-Որևէ վարկած չկա, մենակ մի բան կասեմ, որ ում ընտանիքի հետ էլ լիներ նման ոճրագործություն,  Աստված չանի, իրենց հարազատներն էլ էին ասելու`  ինչո՞ւ հենց մեր հարազատ ընտանիքը: Ու ինձ հիմա մի հարց է միայն տանջում` ինչու հենց իմը: Բոլոր շրջանառվող վարկածները բացարձակ սուտ էին: Իմ ընտանիքը որևէ կապ չի ունեցել Պերմյակովի հետ, բացարձակապես որևէ կապ, ինչքան էլ, նորից եմ կրկնում, վարկածներ շրջանառվեն, որ ծանոթ են եղել, չգիտեմ ինչ: Չի եղել նման բան, որևէ կապ չի եղել: Իմ ընտանիքը սուրբ ընտանիք է եղել: Դրա համար ինձ միայն մի հարց է հետաքրքրում այս պահին՝ ինչո՞ւ հենց իմ ընտանիքը, իմ սուրբ ընտանիքը: Իմ ընտանիքը չէ, որ ես գովաբանում եմ, դա փաստ է, ինչ-որ խնդիրներ եթե ունենային, ես կկապեի այս ամեն ինչի հետ, բայց բացարձակ որևէ մեկի հետ իմ ընտանիքը խնդիրներ չի ունեցել ու հենց դրա համար է, որ ավելի շատ  է մեզ տանջում  «ինչու» հարցը: Ինչո՞ւ հենց այդքան ճանապարհը կտրեց, եկավ-հասավ իմ տուն: Ինչուները շատ-շատ են, որոնց պատասխանները ամենից շատ ես եմ ուզում իմանալ:

-Փորձագետների կարծիքով, ամեն ինչ արվում է, որ դատական գործընթացը ձգձգվի, երկարի, և այդտեղ իր դերակատարությունն ունի նաև  ռուսական կողմը, ի՞նչ կասեք դրա մասին:

-Ես գործին ծանոթ եմ առաջին իսկ օրվանից, ու գործը իսկապես շատ բարդ է: Ինչպես արդեն նշեցի` շատ -շատ ինչուներ կան, որոնց պատասխանը, իրոք չկա, այնպես որ, ձգձգվելը կարծում եմ հենց գործի բարդության հետ է կապված, ամեն դեպքում այդպես եմ կարծում: Բայց մտավախություն ունեմ, թե ի վերջո կիմանա՞մ դրանց պատասխանները, թե ոչ:

-Իսկ ինչի՞ց ելնելով եք կասկածում:

-Վախենում եմ ինչուների մեծ քանակից, սա է իմ պատասխանը ձեր հարցին:

-Մի փոքր անդրադառնանք դեպքից հետո շրջանառվող վարկածներին, որոնք գործում ներգրավված փաստաբաններն էլ առաջ քաշեցին: Պերմյակովը մենակ չի եղել. ահա մինչ օրս քննարկվող ու շատերի կողմից հիմնավորված վարկածը: Ի՞նչ կասեք դուք:

-Ես հենց առաջին իսկ օրվանից կասկածել եմ  և կասկածում եմ, որ ինքը մենակ այդքան բան չէր կարող անել: Ես գրեթե համոզված եմ դրանում: Ինչքան էլ ուզում է փաստերը տանեն այն ուղղությամբ, որ ինքը մենակ է եղել, միևնույն է, ես չեմ հավատում, հնարավոր չէ մենակով ոչնչացնել մի ողջ ընտանիք, որտեղ 2 տղամարդ կար:

-Հնարավո՞ր է, որ Պերմյակովն ընդհանրապես գլխավոր գործող անձ չի եղել տվյալ օրը դեպքի վայրում և ուղղակի քավության նոխազ է: Սա ևս ամենաշատ շրջանառվող վարկածներից մեկն է: Ի՞նչ կասեք դրա մասին:

-Հնարավոր է, չեմ չբացառում:

-Դեկտեմբերի 18-ին սկսվող դատական պրոցեսներին բնականաբար ներկա եք լինելու: Ինչ քայլերի եք պատրաստվում, եթե դատական պրոցեսները չգոհացնեն ձեզ:

-Այո, իհարկե ներկա ենք լինելու ու շատ բան է կախված այդ օրից: Եթե չգոհացնի գործընթացը մեզ, կդիմենք վճռաբեկ դատարան, եթե նորից չբավարարի` արդեն կդիմենք Եվրադատարան: Հավատացեք, մինչև վերջ գնալու ենք: Սա այն հարցն է, որ այլ տարբերակ չունենք, տարբերակ չունենք նահանջելու ու լռելու: Ընտանիքս է ոնչնչացվել, բնաջնջվել…

-Ձեր հարազատները դեպքից հետո խոսեցին նաև անձնական կապերով Պերմյակովի ընտանիքի անդամներին գտնելու, նրանց հետ կապի դուրս գալու մասին: Այս մեկ տարվա մեջ եղե՞լ է նման բան:

-Չէ, չի եղել: Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե դա ի՞նչ ընտանիքի մարդ է: Իր ծնողների հարցազրույցները լսելով ես ու իմ հարազատները չհասկացանք, ի վերջո, թե ի՞նչ տեսակի մարդիկ են դրանք: Այնքան հակասական տարրեր կային իր հոր ասածների մեջ: Նույնիսկ հարցազրույցներից մեկում հայրը հայտարարեց, որ դա իր որդին չէ: Բայց ծնողի համար ինչքան էլ իր երեխան վատը լինի, դա  չի կարող նրանից հրաժարման պատճառ դառնալ: Այնպես որ, լսելով նրանք խոսքերը մենք հասկացանք , որ անիմաստ է, որևէ կապ փնտրել ու գտնել այդ մարդկանց հետ:

-Սա այն դեպքն է, երբ իրոք հարցեր գտնել և տալը դժվար է: Ինչպես կամփոփեք Ձեր վերջնական ասելիքն ու պահանջը:

-Ես միայն կասեմ, որ մի ներքին հույս ունեմ, որ ի վերջո գործը կբացահայտվի ու բոլորս միայն ճշմարտությունը կիմանանք: Սկզբում չէինք հավատում, որ գործի քննությունը կհանձնեն հայկական կողմին, բայց, ինչպես տեսանք, դա տեղի ունեցավ, որը մի քիչ հույս ներշնչեց մեզ: Ես շնորհակալ ու երախտապարտ եմ նաև գյումրեցիներին, որոնք պահանջատեր եղան, կանգնեցին մեր կողքին մինչև վերջ, ու կարծում եմ, որ գործի քննությունը հայկական կողմին հանձնելը ինչ-որ տեղ նաև գյումրեցիների պահանջի արդյունքն էր, որի համար իսկապես շնորհակալ եմ ու հավատացած,որ եթե նորից կարիք լինի`  մեր կողքին կլինեն նրանք, չեմ կասկածում գյումրեցիների թասիբին: Վստահ եմ՝ որ պահին մեր ընտանիքը ոտքի կանգնի` գյումրեցին մեր կողքը կլինի, դրանում կասկած չունեմ: Բայց ես չեմ ուզում, որ գործը դրան հասնի: Կուզենամ, որ ամեն ինչ արդար լինի, որ բանը դրան չհասնի: Եվ իմ վերջնական խոսքում մի բան կուզեմ ասեմ. իմ միակ ցանկությունն այն է, որ այն ինչ կատարվեց իմ ընտանիքի հետ, երբեք ու երբեք չլինի որևէ այլ ընտանիքի հետ, թող ոչ մեկը կորուստ, այն էլ իմ նման, երբեք չունենա:

-Ե՞րբ է եղել  Ձեր վերջին շփումը ձեր հարազատների հետ մինչ ողբերգությունը և ի՞նչ եք խոսել:

-Հունվարի 10-ին է եղել մեր վերջին զրույցը: Բավականին երկար ժամանակ սկայպով զրուցեցինք: Ամեն ինչ այնքան լավ էր, բոլորն ուրախ էին, ամեն ինչ այնքան լավ էր (լացում է և չի  կարողանում շարունակել ):

Էմմա Պալյան