Վրացի սահմանապահների կողմից «Նինոծմինդա» սահմանային անցակետում հունվարի 21-ին Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Փոստանջյանը նշեց, որ իր հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտման հետ կապված արդեն բողոքներ է ներկայացրել եվրոպական կառույցներին:
«Մենք ունենք մի քանի փաստաթուղթ, որով կարգավորվում է մեր եւ Վրաստանի հետ սահմանի հատումը: Պետք է ասեմ, որ դեռ 93 թվականից մենք ունենք առանց վիզային ռեժիմի միմյանց տարածք մուտք գործելու համաձայնագիր, եւ եթե դու ունես որեւէ նման համաձայնագիր այլ պետության հետ, դա նշանակում է` դու լուրջ ինտեգրված հարաբերություններ ունես այդ պետության հետ եւ բարեկամական հարաբերություններ ունես, եւ արգելքը կարող է սահմանված լինել միայն օրենքով»,- ասաց Փոստանջյանը, հավելելով, որ իրեն ոչ մի օրենք չի ներկայացվել, թե ինչու է արգելվում իր մուտքը Վրաստանի տարածք:
Նա ասաց, որ Վրաստան գնալու էր պատարագի մասնակցելու եւ հանդիպելու հայրենակիցների հետ: «Ես սահմանապահներից մեկի հետ խոսելիս ասեցի` դուք մի քանի անգամ փոխել եք ձեր վարչապետին, նախագահին, իսկ մենք տասը տարի է` փաստացի նույն ղեկավարության օրոք ենք ապրում, մենք չենք կարողանում փոփոխություններ անել: Շատ մտերմիկ զրույց էր, եւ մարդիկ հասկանում են, որ մենք ժողովրդավարություն ենք ուզում»,- նշեց Փոստանջյանը:
Տեղի ունեցածը թույլ է տալիս «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահին հայտարարելու, որ Վրաստանը խախտել է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները եւ ստանձնած պարտականությունները չի կատարում: Նա ասաց, որ բողոք է ներկայացրել ՀՀ ԱԳՆ եւ Վրաստանում ՀՀ դեսպանին: Բացի այդ, բողոքներ են ուղարկվել, մասնավորապես, Եվրոպական միության արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուիժնիկսուն:
Փայլակ Ֆահրադյան