ՀՀ Ազգային ժողովում շարունակում է քննարկվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ Հայաստանում բանակից խուսափելու համար հետախուզվողների զգալի մասը ցանկություն ունի վերադառնալ Հայաստան ու ապրել այստեղ, այս խնդրին պետք է լուծում տալ: Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչ համակարգ է Հայաստանում ստեղծվել, որ մարդիկ չեն գիտակցում, որ հանցագործություն են կատարում:
«Ասում ենք՝ 11 հազարից ավելի մարդիկ գտնվում են հետախուզման մեջ: Այս մարդիկ ըստ էության հասարակության դեմ ուղղված հանցագործություն են կատարում, բայց նրանք չեն գիտակցում, որ դա հանցագործություն է: Սա պայմանավորված է նրանով, որ մեզանում այս հանցագործությունն ընկալվում է որպես ուղղված իշխանավորի դեմ, նրանք թաքնվում են իշխանավորից, ոչ թե հանրությունից: Դա նաև պայմանավորված է նրանով, որ պատիժն արժեզրկված է: Երբ մենք խոսում ենք այն մասին, որ տարեկան միայն ճանապարհատրանսպորտային ոլորտում 2 մլն պատիժ կա, սա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանում պատիժն արժեզրկված է: Սա վերաբերում է նրան, որ կան արտոնյալներ», — ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ իրենց մտահոգությունը հետևյալն է, որ ազգ-բանակ հայեցակարգից չմնա միայն բանակը, իսկ ազգը վերանա: Նա նաև բարձրացրեց երիտասարդների առողջական խնդիրների հարցը:
«Ինչո՞ւ են մեր զորակոչիկները այդքան ցածրահասակ, թերքաշ: Ինչո՞ւ հետազոտություններ չեն անցկացվում: Մեր երեխաների մեջ շատ մեծ տոկոս է կազմում երկաթդեֆիցիտային անեմիան: Սրա կապը զորակոչի հետ այն է, որ այս հիվանդությամբ երիտասարդները չեն հավաքում բավարար քաշ, չունեն բավարար հասակ: Նրանք նաև ցածր արտադրողականություն են ունենում, բայց ոչ միայն տղաները, դա աղջիկներին էլ է վերաբերում: Միայն սահմանը պահելու հարց չէ, այլ այս մարդիկ ցածր արտադրողականություն են ունենալու»,- ասաց Զեյնալյանը:
Ըստ նրա՝ առողջապահական ու կրթական համակարգի հետ կապված լուրջ խնդիր է սա, իսկ օրենքի նախագիծը սրան լուծում չի տալիս: