տուն Լուրեր Ինչո՞ւ են եզդիներն իրենց երեխաներին արգելում դպրոց գնալ

Ինչո՞ւ են եզդիներն իրենց երեխաներին արգելում դպրոց գնալ

227
0

default

Մեր օրերում ազգությամբ եզդի շատ դպրոցահասակ երեխաներ դպրոց չեն հաճախում: Եվ հիմնական դեպքերում պատճառը ոչ թե սոցիալական խնդիրներն են, այլ այն հանգամանքը, որ ծնողներն արգելում են երեխաներին գնալ դպրոց: Խնդրին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին:

«Երբ հայտարարվեց, որ այս տարի սեպտեմբերի մեկից պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը, և այն ծնողները, ովքեր կհրաժարվեն իրենց երեխաներին ուղարկել դպրոց, վարչական պատասխանատվության կենթարկվեն, ինչ-որ իմաստով դա մեզ ուրախացրեց, որովհետև 2015-ին մենք կանանց կրթության իրավունքի մասին զեկույց էինք գրել, և զեկույցի վերջում մեր առաջարկությունների մեջ մտնում էր նաև վարչական պատասխանատվություն սահմանելը այն ծնողների նկատմամբ, որոնք կխախտեն իրենց երեխայի կրթություն իրավունքը, և կարծում ենք, որ ինչ-որ դրական տեղաշարժ կլինի: Սեպտեմբերի մեկից մեկ ամիս հետո` հոկտեմբերին, մենք հարցում իրականացրեցինք Արմավիրի և Արագածոտնի մարզերում և փորձեցինք ճշտել, թե այս գյուղերում քանի՛ դպրոցահասական եզդի երեխա է զրկված կրթություն ստանալու իրավունքից»,- նշեց բանախոսը:

Բորիս Մուրազիի խոսքով` հարցումների արդյունքում ստացված պատկերը բավականին հետաքրքիր է. «Արագածոտնի մարզի դեպքում պարզ դարձավ, որ միայն Ճարճակիս համայնքում 6 տղա երեխա, 4-ը` առաջին դասարան, 2-ը` 10-րդ դասարան, չեն հաճախում դպրոց: Առաջին դասարանցիների մասով տնօրենի մեկնաբանությունն այն էր, որ ծնողները կարծում եմ, թե իրենց երեխաները փոքր են և չեն կարող գնալ դպրոց, իսկ 10-րդ դասարանցիների դեպքում նշվում էր, որ պետք է տեղափոխվեն ուրիշ դպրոց, բայց այդպես էլ չեն տեղափոխվել, տեղեկանք չկար»:

Ինչ վերաբերում է Արմավիրի մարզում անցկացված հարցումների արդյունքներին, նա ընդգծեց. «Արմավիրում 5 գյուղի տվյալներով 32  երեխա չեն հաճախում դպրոց, որոնցից 19-ը` աղջիկներ… Վստահ եմ, որ այս դեպքերում սոցիալական խնդիրները չեն պատճառը, այլ ուղղակի ծնողներն այդպես են որոշել»:

Բանախոսը նաև հավելեց, որ խնդրի վերաբերյալ համապատասխան աշխատանք չեն իրականացնում նաև մարզպետարանները. «Ինձ զարմացրեց այն, որ հոկտեմբերի 6-ի դրությամբ, օրինակ` մարզպետարանների համապատասխան բաժինը և կրթության նախարարությունը դեռ որևէ քայլ չէին ձեռնարկել, ծնողների հետ չէին խոսել, ու վարչական իրավախախտումը չէր արձանագրվել»:

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը, ով ընդգծեց, որ Արմավիրի մարզի 5 գյուղերի 32 աշակերտները հիմնականում եղել են 9-րդ դասարանն արդեն ավարտած երեխաներ. «Աղջիկների մասով հիմնավորումն այն է, որ նրանք արդեն մեծ են և դպրոց չեն գնա, այդտեղ ուղղակի մեջբերում են ազգային ավանդույթների հարցը, ինչին ես համաձայն չեմ, որովհետև մենք ունենք մեծ թվով եզդի երեխաներ, որ գնում են դպրոց, անգամ կարմիր վկայականներով են ավարտում 9-րդ դասարանը, բայց չեն շարունակում: Իսկ տղաներն էլ օգնում են ծնողներին, շատ քիչ դեպքերում է, որ սոցիալական խնդիրների պատճառով է, որ չեն գնում դպրոց»:

Էմմա Հովսեփյան