Այսօր կան որոշ երկրներ, որոնք արգելում են աջակողմյան երթևեկությունը: ՀՀ-ում թեև այն արգելված չէ, բայց մի շարք խնդիրներ է առաջացնում:
Araratnews.am-ի խմբագրություն էին զանգահարել մի խումբ տաքսիստներ եւ բողոքում, որ չեն կարողանում լիցենզավորում ձեռք բերել ղեկի դիրքի պատճառով, բացի այդ էլ՝ պարբերաբար տուգանվում են:
«Մի քանի ամիս առաջ մենք դիմեցինք Տրանսպորտի և կապի նախարարությանը, խնդրելով մեզ ժամանակ տրամադրել մինչև ղեկի տեղը կփոխենք: Շատ տաքսիստներ իրենց մեքենաները վարկով են վերցրել, իսկ ղեկի տեղը փոխելն էլ դժվար է: Վրաստանում այն 400 դոլար է, իսկ այստեղ ավելի թանկ: Եթե չենք կարողանալու այս մեքենաների համար լիցենզիա ձեռք բերել, ապա ավելի լավ է ընդհանրապես նման մեքենաների մուտքը Հանրապետություն արգելվի: Մի քանի օր առաջ ես 50 հազարի տուգանք եմ վճարել սրա համար»,-մեզ հետ զրույցում նշեց տաքսիստներից մեկը:
Այս մասով մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև նախարարությունից: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից տեղեկացանք, որ վարորդները տուգանվում են լիցենզիա չունենալու պատճառով:
«Դրանք չեն կարող լիցենզավորվել, քանի որ աջակողմյան են: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքն արգելում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմոբիլներով տաքսամոտորային փոխադրումների կազմակերպումը: Սա նախ անվտանգության խնդիր է: Եթե ես, որպես ուղևոր, ցանկություն եմ հայտնում դիմացը նստել, ապա պետք է հատեմ ճանապահը և երթևեկելի մասից նստեմ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է վարորդի դիտարկմանն առ այն, որ եթե ՀՀ-ում աջակողմյան երթևեկության համար պետք է վճարել տուգանք, ուրեմն ավելի լավ է արգելել նման մեքենաների ներմուծումը, ապա նկատենք, որ ՀՀ-ում աջակողմյան երթևեկությունն արգելված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվում են ուղեփոխադրումներ կամ տաքսամոտորային փոխադրումներ: