Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացությունն ուշանում է։ Պարզվում է՝ օտարերկրյա կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքը թարգմանվում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։
Նախարարն, ըստ էության, ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում, և եզրակացությունը նույնպես նրանց ուսումնասիրությանն է ենթակա։
Թունյանն ասաց, որ որպես տնտեսագետ, պետք է հետաքրքրվի՝ որքա՞ն վնաս կրեց Հայաստանի տնտեսությունը հանքի շահագործման դադարեցումից, ու եթե պարզվի, որ ոչ մի բնապահպանական վտանգ էլ չկար, արդյո՞ք կլինեն պատասխանատվության կանչվողներ։
Նախարարը պատասխանեց, որ պատասխանատվության հարցը հավանաբար կարգավորվում է օրենսդրությամբ։ Նա, սակայն, նաև օրինակ բերեց Արարատյան դաշտի ձկնաբուծարանների պատճառով ստեղծված խնդիրները, որոնք, ըստ նրա, չհիմնավորված վերլուծությունների արդյունք էին։
Գրիգորյանն ասաց, որ հենց ձկնաբուծարանների քրեական գործերը վերաբերում են Բնապահպանության նախարարության այն պաշտոնյաներին, որոնք կարող էին տիրապետել բնապահպանական ռիսկերի մասին տեղեկություններին, բայց թաքցնել դրանք։