Տոնավաճառների աշխատակիցները շարունակում են դժգոհել այս տարի հունվարին ուժի մտնող Հարկային օրենսգրքից: Արմատական են տրամադրված «Առինջ մոլի» աշխատակիցները, որոնք երեկ նույնիսկ թույլ չեն տվել հարկային տեսուչներին ստուգել իրենց տաղավարները: Araratnews.am-ի տեղեկություններով՝ այս օրերին «Սուրմալու» տոնավաճառի որոշ տաղավարների վարձավճարներն ավելացել են: Պատճառը, ըստ լուրերի, այն է, որ «Սուրմալու» տոնավաճառի ղեկավարությունը հիմա ավելի շատ հարկ պիտի վճարի` հարկային մարմինների տուգանքներից զերծ մնալու համար: Խոսակցություններ կան, որ «Սուրմալու» տոնավաճառի ղեկավարությունը հորդորել է աշխատակիցներին փողոց դուրս չգալ, խոստանալով նրանց «տիրություն» անել՝ զերծ պահել հարկային տեսուչների անհարկի ստուգումներից եւ շահույթն ամբողջությամբ պետությանը ցույց տալուց:
Իսկ ահա «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնօրենը կատեգորիկ արգելել է իր աշխատակիցներին մասնակցել բողոքի ակցիաներին եւ միանալ մյուս առեւտրականներին: «Փեթակ» առեւտրի կենտրոնի հետ կապ հաստատել չհաջողվեց: «Սուրմալուի» մի քանի առեւտրականներ մեզ հետ զրույցում հաստատեցին տաղավարների վարձավճարների ավելացման մասին տեղեկությունը: Իսկ «Սուրմալու» տոնավաճառի տնօրենի ընդունարանի աշխատակիցը հերքեց այդ լուրերը, բայց երբ ասացինք՝ «Սուրմալուի» առեւտրականներից ոմանք հակառակն են պնդում, ասաց. «Դե, ես չգիտեմ: Գուցե տարածքն է մեծ եղել, դրա համար է բարձրացել: Բայց ընդհանուր առմամբ գնային մեծ փոփոխություններ չեն եղել»:
Ինչ վերաբերում է առեւտրականների դժգոհությանը եւ մի քանի օր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիային, ընդունարանի աշխատակիցն ասաց՝ մի քանի առեւտրականներ մասնակցել էին ակցիային: Իսկ թե ինչպես է «Սուրմալուի» ղեկավարությունը վերաբերվում Հարկային նոր օրենսգրքին, աշխատակիցը դժվարացավ ասել:
Սոնա Դավթյան