Հայաստանում գազային համակարգի արդյունավետության հարցը քննելու անհրաժեշտություն կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Պետական եկամուտների կոմիտեն գազալցակայանների հետ կապված քննություն է իրականացնում: Վերջին ամիսներին շատ հայտնի մարդկանց պատկանող գազալցակայանների շրջանառությունը կրկնապատկվել է: Այստեղ մենք կարո՞ղ ենք կասկած ունենալ, որ այս մարդիկ ստվերում են աշխատել: Հիմա պետք է այդ ամեն ինչը հետաքննվի: Ընդհանրապես, գազային համակարգի արդյունավետության հարցը պետք է քննվի»,- նշեց Փաշինյանը:
Հարցին, թե ի՞նչ կարող է սպասել սպառողը, Փաշինյանը նշեց, որ սոցիալապես անապահովների համար դեռ հունիսից գազի գինը նվազել է:
«Այլ բան չեմ կարող ասել, քանի դեռ պայմանավորվածություններ չկան»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: