տուն Լուրեր Ինչքան հաղորդավար ու հանդիսավար կա՝ դիմել է․ ՀՀՌ խորհրդի նախագահի թեկնածու

Ինչքան հաղորդավար ու հանդիսավար կա՝ դիմել է․ ՀՀՌ խորհրդի նախագահի թեկնածու

162
0

Մարտի 21-ին ավարտվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է 23 թեկնածու։ Նրանցից մեկը լրագրող, լեզվաբան Լավրենտի Միրզոյանն է, ով իր թեկնածությունն առաջադրել է նաև Հանրային ռադիոյի տնօրենի թափուր տեղի համար։

Միրզոյանը Araratnews.am-ի հետ զրույցում իր կասկածները հայտնեց մրցույթի արդար լինելու հետ կապված՝ թվարկելով մի շարք պատճառներ։

«Առաջինը՝ ոտնահարվել է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն։ Հայերենի իմացությունը չի ստուգվում։ Սա ինձ կասկածանքի տեղիք տվեց։ Երևի ինչ-որ մեկի թեկնածությունն են առաջադրում, որը հայերենին չի տիրապետում և օտար կրթություն ունի, դրա համար այդ կետը չկա։ Այս մրցույթը ազգային անվտանգության խնդիր է իրականում լուծելու։ Եթե խորհրդի նախագահը չի տիրապետելու հայերենին, ո՞նց է վերահսկելու Հանրային հեռուստատեսության և ռադիոյի եթերի լեզուն»,- ասաց լեզվաբանը։

Նա անգամ կասկածի տակ դրեց հանձնաժողովի անդամների հայերենի իմացությունը, քանի որ հայտերում բազմաթիվ սխալներ է հայտնաբերել։ Նա անօրինական համարեց Սաթիկ Սեյրանյանի՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելը՝ անթույլատրելի համարելով այն, որ Սեյրանյանը քննելու է իրեն ընտրել-չընտրելու հարցը։

Միրզոյանի համոզմամբ՝ հայտերի մեջ չկան այն չափորոշիչները, թե ոնց են ստուգելու տվյալ թեկնածուի կարողությունները, ներկայացրած ծրագրի որակները։ Թեկնածուն վստահ է, որ այդ բոլոր թեկնածուների նկատմամբ ինքն առավելություն ունի։

Ինչ վերաբերում է հայտեր ներկայացրած թեկնածուներին, Միրզոյանը նշեց․ «Սա այն պաշտոնն է, որ մարդը պետք է կառավարչական հմտություններին հրաշալի տիրապետի, բայց ինչքան հաղորդավարներ ու հանդիսավարներ կան, դիմել են։ Հանձնաժողովը պետք է արդար ուսումնասիրի ծրագրերը և որոշում կայացնի»,- եզրափակեց նա։