Հայաստանի տարբեր մարզերում երեխաների են առևանգում, հեռացնում երիկամները, այնուհետև երեխաներին վերադարձնում ծնողներին:
Այս ստահոդ տեղեկատվության աղբյուրը, պարզվում է, համացանցն է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր Araratnews.am-ի հետ զրույցում հերթական անգամ հայտարարեց՝ շրջանառվող լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ:
«Դա սկսվեց համացանցում լայք հավաքող անդեմ օգտատերերի կողմից՝ սենսացիոն վերնագրերով: Հետո որոշ մարդիկ սկսեցին դա ընդունել որպես իրականություն՝ այդ մասին խոսելով: Սկզբում Արագածոտնի մարզում էին խոսում, հետո Արարատի, Շիրակի, Լոռու մարզերում, բայց ոստիկանությունը մի քանի անգամ հերքել է»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Ահարոնյանը:
Մտահոգվելու որևէ հիմք չկա, խնդիրը ոստիկանության տեսադաշտում է՝ վստահեցրեց լրատվության պետը եւ կոչ արեց հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Նշենք նաեւ, որ զրուցել ենք մի քանի գյուղապետերի հետ, որոնց գյուղերում, իբրև թե, երեխաների են առևանգել: Գյուղապետերը, սակայն, տեղյակ չեն՝ ով է նման լուրեր տարածում եւ համոզված են՝ մտահոգվելու որևէ առիթ չկա: