Ազգային ժողովը սեպտեմբերին ընդունեց Քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ:
Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝
– ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500-700 հազար դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում.
– ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.5-3 մլն դրամ կամ 2-6 տարի ազատազրկում.
– մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարվա ազատազրկում.
– որևէ եղանակով ընտրությունների արդյունքները կեղծելու համար (այդ թվում՝ ռեյտինգային թեկնածուների ձայների կեղծման)՝ 3-8 տարվա ազատազրկում: Ավելին, ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (օրինակ՝ հեռախոսների գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար: