տուն Լուրեր Ինչ-որ մեկի կամայական որոշումն է, որն ուզում են անցկացնել

Ինչ-որ մեկի կամայական որոշումն է, որն ուզում են անցկացնել

158
0

Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանը թեժ կրքեր է բորբոքել:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ հայտարարեցին, որ արձանը, մեղծ ասած, խայտառակություն է:

«Կոնկրետ արձանի վերաբերյալ, անկեղծ ասած, չեմ կարող որեւէ բան ասել հենց միայն այն պատճառով, որ նկարը, որ մեզ ցույց են տվել, այդքան էլ պարզ չէ: Բայց այն, որ այդ հանձաժողովի գեղարվեստական խորհուրդն ընտրել է այդ տարբերակը ոչ  հրապարակային, ոչ հանրային քննարկման արդյունքում, սա՛ է, որ մեր խմբակցության կողմից բարձրաձայնվում է: Մենք ասեցինք, թե դեմ չենք, որ Արամ Մանուկյանի արձանը տեղադրվի, որոշումն էլ այնպիսին է, որ  գեղխորհուրդն ընտրել է այդ արձանը, հիմա մենք պետք է որոշում կայացնենք՝ տեղադրել այսինչ տեղում: Տեղադրմանն  անձամբ ես դեմ չեմ,  կողմ եմ, բայց  ընդհանրապես այդ գործընթացը համոզիչ չէ, մանավանդ որ այդ խորհրդի  անդամներից մեկն ասում է՝ չեմ էլ իմացել, որ այդպիսի ընտրություն է եղել, մյուսն ասում է՝ մեզ վրա վերեւից ճնշում է եղել»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ իրենց հաջորդ քայլը պետք է լինի այդ գեղարվեստական խորհրդի անդամների բացահայտումը, թե ի՛նչ է արվել, ինչո՛ւ է հենց այդ տարբերակն ընտրվել: «Այն նկարները, որ մեզ տվել են, նաեւ մյուս տարբերակների նկարները, մեր հանձնաժողովի նիստից 2 րոպե առաջ են տվել հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին»,- նշեց Ա. Բախշյանը:

Նշենք, որ արձանի համար ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը «Հայկական ժամանակ»-ին ասել է,  որ քննարկվածը շրջանառվող տարբերակի հետ կապ չունի կամ գրեթե չունի, արձանի հեղինակ Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել եւ հարյուրավոր այլ աշխատանքների հետ միասին ներկայացվել է միայն երկրորդ փուլին, ինչն անհասկանալի եւ անընդունելի է:

Անդրադառնալով այս հանգամանքին՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Ամեն մեկը մի բան է ասում, այսպես ո՞նց կլինի, ո՞ւմ հավատաս, դրա համար թող բոլորը նստեն, եւ ամեն մեկն ասի, թե ինչպե՛ս եղավ, որ այդ տարբերակն ընտրվեց, ճարտարապետ, քանդակագործ, ես տարբեր մարդկանց կարծիքներ եմ կարդում, եւ բոլորը հակասական բաներ են ասում: Այդ գեղարվեստական խորհուրդն իրականում կա՞, թե՞ չկա: Ներկայացված նկարներում շատ ավելի առնական, պետական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձան կար, հետեւաբար, հերթական անգամ արձանագրում ենք, որ սա ինչ-որ մեկի կամայական որոշումն է, որն ուզում են անցկացնել»,- նկատեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Փայլակ Ֆահրադյան