տուն Լուրեր Ինչ-որ բաներ պե՞տք է պահենք. ակադեմիայի շենքը՝ հյուրանո՞ց

Ինչ-որ բաներ պե՞տք է պահենք. ակադեմիայի շենքը՝ հյուրանո՞ց

136
0

ԳԱԱ

Մինչ Երեւանի քաղաքապետարանը պարբերաբար թմբկահարում է Հին Երեւանի վերականգնման մասին, զուգահեռ՝ Երեւանի տարիների պատմություն ունեցող կառույցները հյուրանոց դառնալու վտանգի առաջ են: Հերթը կարծես թե հասել է Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին:

Շաբաթներ առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել էր, որ ԳԱԱ-ի շենքը քանդելու են եւ տեղում հյուրանոց կառուցեն: Araratnews.am-ի հետ զրույցում  ԳԱԱ-ի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը պատգամավորի հայտարարությունը հնարած խոսակցություն է համարում. «Չգիտեմ՝ այդ պատգամավորը որտեղից է այդ տեղեկությունը ստացել, բայց այդպիսի բան չի կարող լինել»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հռետորական հարց է տալիս՝ մենք ինչ-որ բաներ պետք է պահե՞նք, թե՞ ոչ. «Չեմ կարծում, որ ԳԱԱ-ի շենքը պետք է քանդվի»:

Ճարտարապետին հիշեցրինք՝  տարիներ առաջ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի  շենքը քանդվեց, հետեւաբար, ո՞րն է երաշխիքը, որ  նույն բախտին չի արժանանա նաև ԳԱԱ-ի շենքը: «Լեզվի ինստիտուտի շենքը չամբողջացավ, չեղավ այն, ինչ ուզում էին, չնայած կարելի էր պահել: Իսկ ակադեմիայի դեպքում խնդիրն  այլ է: Այն հենց նախատեսված է գիտությամբ զբաղվելու համար»:

Եթե կառավարությունը որոշի ԳԱԱ-ի շենքն էլ քանդել, Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ դա կնշանակի, որ գիտությունը մեզ պետք չէ:

Հ.Գ. Վարչապետ Կարեն Կարապետյանն  այս տարվա սկզբին Հանրային խորհրդի հետ հանդիպմանն անդրադարձել էր  Գիտությունների ազգային ակադեմիան ճիշտ եւ պրակտիկ օգտագործելուն: Թեեւ  ԳԱԱ-ի շենքը քանդելու մասին հստակ խոսակցություն չի եղել, սակայն եթե հաշվի առնենք, որ կառավարությունը  պատգամավորի  հայտարարությանը չի անդրադարձել, ու հիշենք, թե ինչպես  Երեւանի պատմամշակութային որոշ կառույցներ сарай-ի անվան տակ ոչնչացվեցին հյուրանոց դառնալու ակնկալիքով,  չենք զարմանա,  եթե ԳԱԱ-ի շենքն էլ այդ բախտին արժանանա:  Չմոռանանք, որ  կառավարությունը մոտ 3 տասնյակ շենք-շինությունների մասնավորեցման հարցն է դրել, հավանաբար, բյուջե լցնելու նպատակով:

Սոնա Դավթյան