տուն Լուրեր Ինչ իրավիճակ է սահմանին. մանրամասնում է Դավիթ Բաբայանը

Ինչ իրավիճակ է սահմանին. մանրամասնում է Դավիթ Բաբայանը

78
0

dab.thumb

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց՝ ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է սադրիչ գործողություններ իրականացնել:

«Հակառակորդը ժամը 12:15-ից սկսած 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արկակոծում է, մասնավորապես՝ առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Ինտենսիվ կերպով արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝ իրավիճակը նախապատերազմական չէ:

«Հակառակորդը շարունակում է  խախտել հրադադարի ռեժիմը, դա իր ամենօրյա քաղաքականությունն  է, որևէ արտառոց բան չկա այստեղ: Նույն ահաբեկչությունն  է, սակայն սա չի նշանակում` պատերազմ, չի նշանակում, թե իրավիճակը նախապատերազմական է»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը, հավելելով, որ նման քայլերով հակառակորդը փորձում է խուճապ սերմանել հանրության մեջ:

«Դիրքերում կանգնած զինվորների համար սա սովորական երևույթ, իրենք դա ընդունում են որպես իրենց կյանքի առօրյա: Ամեն ինչ վերահսկելի է»,- շարունակեց Բաբայանը:

Հարցին՝ սկսված լարվածությունը կապ ունի՞ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հետ, Բաբայանն ասաց. «Ինչ-որ ձևով կապ ունի, բայց անմիջական կապ չկա: Զորավարժություններն ուղղակի խթան են՝ խախտումների քանակն ավելացնելու. մինչև դա էլ են խախտել, դրանից հետո էլ են խախտելու»:

Բաբայանի կարծիքով՝ լարվածության սրմամբ հակառակորդը նպատակ ունի բարձրացնել իր բանակի բարոյալքված ոգին. «Իրենց բարոյալքված բանակի ոգին են փորձում բարձրացնել՝ ապրիլյան պատերազմի կրած կորուստներից եւ  Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսից հետո»:

Նշենք, որ պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չկա, Բաբայանը եւս վստահեցրեց՝ զոհ կամ վիրավոր չկա: