ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց` Հայաստանում ջերմաստիճանի անկումը պայմանավորված է Արևմտյան Սիբիրից դեպի մեր հանրապետություն տեղաշարժվող արկտիկական հոսանքներով:
«Հոկտեմբերի 26-ից-27-ը ջերմաստիճանի կտրուկ նվազումը ինտենսիվ կերպով կարտահայտվի մասնավորապես` Տավուշում, Լոռիում, ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանն ու նշեց` հանրապետության մյուս մարզերում օդի ջերմաստիչանը կնվազի 7-10 աստիճանով:
«Պայմանավորված ջերմաստիճանի նվազմամբ` այդ օրերին սպասվում է ձյուն, ճանապարհներին մերկասառույց»,-նշեց Գագիկ Սուրենյանը:
Ինչպես նշեց Գագիկ Սուրենյանը, հոկտեմբերի 28-ից այդ հոսանքները կթափանցեն դեպի հյուսիս և ջերմաստիճանը կբարձրանա:
«Նոյեմբերի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-16 աստիճանով, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը կնվազի` հասնելով մինչև 2 աստիճանի: Կլինեն փոփոխություններ, բայց նորմայից շեղումներ չենք ունենա»,- ասաց Գագիկ Սուրենյանն ու ավելացրեց` նոյեմբեր ամիսը կլինի այնպես, ինչպես եղել է տարիներ շարունակ, այսինքն` եղանակի կտրուկ շեղումներ չեն սպասվում:
Ամփոփելով թեման` բանախոսը նշեց` գյուղացու բերքը չի ցրտահարվի, քանի որ այն մարզերում որտեղ հոկտեմբերի 27-ից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, գյուղացիները բերքն արդեն հավաքել են: