Վրացական սոցիալական կայքերում տեղեկություններ են տարածվել, որ Ռուսաստանը Վերին Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել:
Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են այդ լուրերը.
«Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը աշխատում են: Հերթեր չկան: Առավելագույնը 20-30 մեքենա է կուտակվում, սպասման ժամանակը տասը րոպե է»,– ասել է Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայության մամուլի քարտուղարը Sputnik Georgia-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ իրենք չեն համոզում ուղևորներին չայցելել Վրաստան, քանի որ դա նրանց իրավունքն է :
«Առավելագույնը, որ մենք անում ենք, նախազգուշացնում էնք, որ հուլիսի 8-ից Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվելու է, չենք կարող ասել, թե ինչ կլինի վաղը, բայց այս պահի դրությամբ Ռուսաստանից Վրաստան մուտքի արգելքի ոչ մի կարգադրություն չենք ստացել», – պարզաբանել է նա: