տուն Լուրեր Իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու, պառկացնելու. Ռուբեն Գեւորգյանը՝ ծառահատումների մասին

Իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու, պառկացնելու. Ռուբեն Գեւորգյանը՝ ծառահատումների մասին

204
0

Լրատվամիջոցներն օրեր առաջ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանում համատարած ծառահատումների խնդրին: Փաստի առիթով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ստեղծվել և պարզել՝ նշված ծառերը հատվել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Դավիթաշեն, Մենատուն հասցեում հաշվառված Արմենուհի Գևորգյանի ցուցումով:

Araratnews.am-ը կապ հաստատեց նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու: «Դա իմ սեփական տարածքն է: Ծառերն էլ չորացած են եղել ու փտած: Եթե անգամ փտած ծառ էլ չլինեն, իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու էլ, պառկացնելու: Իմ սեփական տարածքն ու այգին է»,- ասաց նախկին պատգամավորը, ապա հիշեցրեց՝ Դավիթաշենում առաջին թաղապետ եղած ժամանակ 55 հազար ծառ է  տնկել:

Ռուբեն Գեւորգյանի խոսքով՝ հատված ծառերի տեղում «Ռիբոկ» մարզական ակումբի շարունակությունն է լինելու. «Ոնց որ «Ռիբոկը» սարքեցինք,  դավիթաշենցիք ընկան արքայության մեջ, հիմա ավելի լավ բան ենք կառուցելու, որ  վաբշե ընկնեն արքայության մեջ: Վատ բա՞ն ենք անում»:

Նախկին պատգամավորը հերքեց, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել. «Ոստիկանությունը նյութեր չի նախապատրաստել, եկան տեսան, որ դա 20 տարվա սեփական տարածք է, շինթույլտվություն էլ կա, հեռացան: Ոչ մի գործ էլ չի հարուցվել»:

Մեր դիտարկմանը, որ եթե անգամ սեփական տարածք է, ափսոս չէ՞ այդքան ծառ հատելը,  Ռուբեն Գեւորգյանն ասաց. «Ափսոս է, թե ափսոս չէ` դա իմ գործն է: Իմ սեփական տարածքն է, ինչ ուզում, անում եմ: Բայց հակառակի պես ավելի լավ բան եմ անում՝ հօգուտ դավիթաշենցիների»:

Կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ՝ իմանալու, թե ոստիկանությունը շարունակո՞ւմ է հետաքննությունը: «Հրապարակման հիման վրա հետաքննություն է կատարվում Ոստիկանության Մաշտոցի բաժնում»,- տեղեկացրին ոստիկանությունից:

Զանգահարեցինք նաև քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին՝ դեպքի մասին պարզաբանում ստանալու: «Համապատասխան գրությամբ դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպահպանության եւ ընդերքի տեսչությանը, որ ուսումնասիրեին»,- ասաց պրն Գեւորգյանը:

Իսկ բնապահպանության նախարարության բնապահպահպանության եւ ընդերքի տեսչությանը Armtimes.com-ին տեղեկացրել են՝ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում հատված  28 ծառի դեպքն անօրինական չէ:

Հ.Գ.   Araratnews.am-ը բազմիցս անդրադարձել է մայրաքաղաքում ծառերի հատման` տարբեր տարիների աղմկահարույց դեպքերին:  Դավիթաշեն, Մենատուն հասցեում հաշվառված ծառերի «սպանդը» ո՛չ առաջին, ո՛չ էլ  վերջին դեպքն է: Ավելին՝ դատելով  լուսանկարներից՝ չես ասի, որ հատված ծառերը փտած ու չորացած են, ինչպես հավատացրեց օրենսդիր մարմնի նախկին անդամը: Իսկ  եթե անգամ դա այդպես է, եթե անգամ  տարածքը սեփականաշնորհված է, ապա, ըստ «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար, իրավաբան Նազելի Վարդանյանի`  կանաչ տարածքների սեփականաշնորհվելու կամ վարձակալվելու դեպքում քաղաքապետարանը պետք է պայմանագիր կնքի կանաչ տարածքի սեփականատիրոջ կամ վարձակալի հետ՝ դրանց պահպանման համար: Այսինքն՝ առանց քաղաքապետարանի գիտության մայրաքաղաքում ոչ մի ճյուղ չի  հատվում: Ու մինչ պատկան մարմինները նման դեպքերում տարբեր արդարացումներ են գտնում, իսկ երբեմն էլ  ծառահատումը համարում էտում,  քաղաքի կանաչ գոտիները սեփականաշնորհվում են, դառնում շինություն՝ Երեւանը վերածելով անապատի:

Սոնա Դավթյան