Րոպեներ առաջ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ:
Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը.
«Մեծարգո՛ պարոն նախագահ, հարգելի՛ գործընկերներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին քվեարկության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմ քվեարկողներին եւ բոլոր դեմ քվեարկողներին: Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր երկրում սահմանադրական կարեւորագույն փոփոխությունների գործընթացում, նոր Սահմանադրության անցնելու գործընթացում ձեր կարևոր ներդրման համար: Ինչ վերաբերում է ինձ, իմ երկար տարիների գիտելիքը, երկար տարիների փորձառությունս և ողջ եռանդս ներ կդնեմ Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները լիովին կատարելու եւ լիովին ծառայելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին: Եվ իհարկե ակնկալում եմ ձեր աջակցությունը և մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը և մասնակցությունը մեր ապագա կարեւոր հաղթանակներին, լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի` Արցախ, Հայաստան և սփյուռք: Շնորհակալ եմ, ցտեսություն»,- ասաց Արմեն Սարգսյանը: