Երեկ առավոտյան Արցախում մահացած զինծառայող Թեմուր Սլոյանի հարազատները չեն հավատում պաշտոնական այն վարկածին, որ Թեմուրը մարտական դիրքում գնդացիրից կրակել է ջոկի հրամանատար Կամո Հովհաննիսյանի դեմքին, հետո` ինքնասպան եղել: «Իմ էրեխեն իրան չի սպանել, իմ էրեխեն գիտեր, որ ես մենակ եմ, ասում էր` մա’մ ջան, պիտի գամ՝ քեզ հասնեմ, իրանք են իմ երեխուն սպանել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Թեմուրի մայրը՝ նշելով, որ մինչև վերջ պայքարելու է` իրականությունը բացահայտելու համար:
Մայրը որդու հետ խոսել է դեպքի նախորդ օրը, ասում է՝ երկրորդ անգամ էր Թեմուրը դիրքեր բարձրացել:
«4-ի-5-ի կողմերն եմ հետը խոսել, ասեց՝ մա’մ, առավոտ պոստերից իջնում եմ, ասեցի` իջնես, զանգի, ու մինչև հիմա չզանգեց»,- պատմեց մայրը:
Հարազատների խոսքով՝ Թեմուրը երբեք չի դժգոհել ծառայությունից, հրամանատարության հետ խնդիրներ չի ունեցել: «Գյուղում ոչ մեկ տարբերություն չի դրել, որ ինքը եզդի ա, Ղարաբաղում ՝ չգիտենք»,- ասաց հարազատներից մեկը:
Պռոշյանում տարածված լուրերի համաձայն՝ ջոկի հրամանատարը, որին իբր Թեմուրը սպանել է, ինչ-որ գյուղապետի որդի է և մշտապես ճնշել է Թեմուրին: Թե որքանո՞վ է այս տեղեկությունը ճիշտ, և արդյո՞ք դա է եղել միջադեպի պատճառը, ոչ ոք հստակ չգիտի: «Ինքը կյանքում իրան չէր խփի, գիտեր, որ մերն անտեր ա, խելքով տղա էր, տենց բան չէր անի»,- ասաց տղայի բարեկամը:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: