Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ Սևանի հիմնախնդրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք եկա՞ն եզրակացության, թե ի վերջո Սևանի հետ ինչ է կատարվում։
Նախարարը զեկուցեց, որ այսօր վիճակը բավական լավ է արդեն, ու ջրի թափանցիկության աստիճանը շատ ավելի բարձր է, քան նախորդ երկու տարիներին։
Ինչ վերաբերում է կապտականաչ ջրիմուռներին, Գրիգորյանն ասաց, որ դրանց արագ աճը կապված է եղել մի քանի գործոնների հետ՝ և՛ բնակլիմայական պայմանների, և՛ կեղտաջրերի հոսքի, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսքերի հետ։
Գրիգորյանը հայտարարեց, որ այդ նույն վիճակը եղել է ամբողջ աշխարհում։
«Ամեն դեպքում էդ կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակն է», – ասաց Գրիգորյանը։
Նախարարի խոսքով՝ Սևանի ջրի մակարդակը հիմա 2 սմ ավելի բարձր է, քան նախորդ տարի, ու այս տարի Արարատյան դաշտի ոռոգման համար ավելի քիչ ջուր է վերցվել լճից, քան նախորդ տարի։