Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում: Իր ելույթում նա խոսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի, Արցախի հարցի, ինչպես նաև Հայ-թուրքական արձանագրությունների մասին: Արձանագրությունների մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ասեց. «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները, միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծո՛ցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռո՛ւ տարեք մեզնից»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը: Այս խրոխտ ու հայրենանվեր ելույթին հաջորդեց հաջորդ հայրենանվեր քայլը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ում տան մոտ Հայոց բանակի գնդապետ էր գնդակահարվել, նշանակվեց մարզպետ: Սերժ Սարգսյանը քաղաքականությունից հեռանում է, հայոց քաղաքական բառարանում թողնելով «Իսկ ո՞վ ասեց, որ Աղդամն իմ հայրենիքն է», «Շանսը ո՞րն ա, իմ շանսը՝ 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք», «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում», «Ես գնամ ի՞նչ խոսեմ, ինչպես տատս էր ասում` աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օրը լրացած սոված մարդու հետ», «Սերիալները նաեւ սոցիալական որոշակի հարցեր են լուծում։ Դրա մասին վկայում են դերասանների ունեցած ժամանակակից մեքենաները», «Դուք համաձայն չե՞ք, որ կյանքը ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում» և այլ բազմաբովանդակ մտքեր:
Արմեն Մկրտչյան