Երեկ տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ փաստաբան ներգրավելու համար և խնդրեց իրեն տրամադրել հանրային պաշտպան:
Դատավոր Մ. Մնացականյանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, բավարարեց այն և հետաձգեց դատական նիստը՝ ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտպանությունն իրականացնելու համար գործով հանրային պաշտպան ներգրավվելու համար: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին:
Հասարակական դժգոհությունը պարզվում է ունի նաև նախադեպային ապացույցներ: Մասնավորապես Շանթի ու ընկերների հանդեպ տարվող քաղաքականությունից դժգոհող քաղաքացիները մատնանշում են
օրերս կայացված հերթական աղմկահարույց դատավճիռը, ըստ որի ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ Շիշ Մելոյի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը, հայհոյել ու ծեծել է մի ոստիկանի և վերջինիս կնոջը: Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ավագ ոստիկան Համազասպ Լալայանն է:
ԲՀԿ պատգամավորի եղբոր որդին, ըստ մեղադրանքի, ընկերոջ հետ ծեծել է ոստիկանին, իսկ երբ ծեծկռտուքին միջամտել է ոստիկանի կինը, Մովսեսը ձեռքի երկաթյա կաստետով հարվածել է կնոջ ծնոտին և կրծքավանդակին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 6 ամիս տևած դատավարությունն ավարտվել է և սեպտեմբերի 5-ին հրապարակվել է դատավճիռը: Քրեական գործով անցնող երեք անձինք՝ Սեյրան Վանեսյանը, Մովսես Մանուկյանը և Գագիկ Գինոսյանը, դատապարտվել են տուգանքի:
Իսկ, հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի, որդու ու ընկերների դատավճիռները տատանվում է 4-7 տարվա միջև:
Բնականաբար սա քաղաքական դատավարություն է և բնականաբար Շանթին ու համախոհներին դատարանը կդատապարտի նշված հոդվածի մաքսիմում պատժաչափով: Չէ որ Շանթը պատգամավոր հորեղբայր չունի: