տուն Լուրեր Ի՞նչ փուլում է մետրոյի կայարանների կառուցումը

Ի՞նչ փուլում է մետրոյի կայարանների կառուցումը

97
0

Երեկ «Ֆեյսբուքում» Երևանի մի շարք բնակիչների կողմից հայտարարություն էր տարածվել, որտեղ վերջիններս պատրաստակամություն էին հայտնում իրենց համեստ ֆինանսական ներդրումն ունենալ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոյի նոր կայարաններ կառուցելու գործում, եթե Երևանի քաղաքապետարանը անհրաժեշտություն համարի հաշվեհամար բացել և դրամահավաք կազմակերպել այս համաժողովրդական նախագիծը իրականացնելու նպատակով։

Araratnews.am-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ի՛նչ փուլում է մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելու գործընթացը, և արդյոք քաղաքացիների փոքրիկ ներդրումն ընդունելի՞ է նրանց համար։

«Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը մեծ ֆինանսական խնդիրների հետ է կապված, որի մասին խոսել են և՛ քաղաքապետ Հայկ Մարությանը, և՛ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը։ Միայն կարող եմ հավելել, որ այս պահի դրությամբ արդեն մետրոպոլիտենի շինարարությամբ զբաղվող միջազգային որոշ ընկերություններ հետաքրքրություն են հայտնել Երևանում մետրոպոլիտենի կառուցման աշխատանքների հետ կապված։ Հիմա հանդիպումներ են տեղի ունենում, քննարկվում է հնարավորությունների և խնդիրների հարցը»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ որևէ կոնկրետ նախագծի մասին այս պահին խոսելը դեռ վաղ է։

Խոսնակի խոսքով՝ «ինչպես քաղաքապետն է նշել, մետրոպոլիտենի կառուցման նախագիծը չափազանց ծախսատար է համայնքի բյուջեի համար, և դրա մեջ պետք է ներգրավել նաև պետական միջոցներ և նաև մասնավոր միջազգային կառույցների»։

Ինչ վերաբերում է երևանցիների պատրաստակամությանը հանգանակության միջոցով նպաստել ծրագրին, Հակոբյանը նշեց․ «Տեսել եմ հանգանակության պատրաստակամության մասին գրառումը, դա, իհարկե, շատ ողջունելի գաղափար է այն իմաստով, որ դրանով արտահայտվում է հենց քաղաքացու անմիջական մասնակցությունը քաղաքի զարգացման գործընթացին, քաղաքի զարգացմանը միտված պրոյեկտների իրականացմանը։ Թե որքանո՛վ քաղաքացիների հանգանակությունը նշանակալի կլինի ֆինանսավորման մեջ, դա այդքան էլ էական չէ։ Գաղափարի մեջ էականն այն է, որ քաղաքացիները պատրաստակամություն են հայտնում մասնակցելու այս գործընթացին»։

Հարցին՝ ծրագրի իրագործման համար ի՞նչ ժամկետներ են նախանշված․ «Կոնկրետ ժամկետներ այս պահին հնարավոր չէ ասել, քանի որ ծրագիրը մի քանի տարվա խնդիր է։ Քաղաքապետը և քաղաքապետարանի գործող վարչակազմը խնդիր ունեն այս ընտրական ցիկլի ընթացքում առնվազն մեկ կայարան բացել»,- եզրափակեց խոսնակը։