Վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի օրը, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից հետո, գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի: Սահմանված մեկամսյա ժամկետում Սերժ Սարգսյանը կնշանակի վարչապետ, վերջինիս առաջարկությամբ էլ կձեւավորվի գործադիր իշխանության կաբինետը: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր` եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ստանա, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում:
Ինչքանո՞վ է հավանական, որ այս փուլում գործադիր իշխանության կազմում էական փոփոխություններ կլինեն:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Araratnewsa.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ փոփոխություններ կլինեն, բայց ոչ էական: «Էական փոփոխություններ կարող են լինել 2018 թվականի ապրիլին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: Այդ ժամանակ իշխանությունը վերաֆորմատավորման կարիք կունենա, եւ էական փոփոխությունները ամենայն հավանականությամբ կլինեն այդ ժամանակ»,- ասաց քաղաքագետը:
Հարցին, թե Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ գործադիր իշխանությունում պահել իր մարդկանց, Մեհրաբյանը նշեց, որ այս պահին սկզբունքային չէ առանձին անձանց խնդիրը: «Սկզբունքային է այն չափաբաժինը, որը կա կառավարության կազմի մեջ, նրանց հարաբերակցությունն էական փոփոխությունների չի ենթարկվի այս նոր կառավարության նշանակմամբ եւ առաջիկա մեկ տարվա ընթացքում»,- ասաց Մեհրաբյանը, հավելելով, որ ամեն ինչ կախված է առաջիկա զարգացումներից:
Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` նոր ձեւավորվելիք կառավարության կազմում չեն լինի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության շրջանակներում էլ դաշնակցականները կպահպանեն իրենց նախարարական պորտֆելները: