ՀՀ նոր կառավարության ձեւավորմանը զուգընթաց որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու նաեւ մարզերում: Մասնավորապես, որոշ մարզպետներ առաջիկայում հրաժարական կներկայացնեն: Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով` պաշտոնանկ կարվեն բոլոր նրանք, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ բավարար թվով ձայներ չեն բերել ՀՀԿ-ին, և կհամալրեն գործազուրկների շարքերը:
Միեւնույն ժամանակ որոշակի փոխատեղումներ եւս սպասվում են: Ինչպես հայտնի է, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ստացել է ԱԺ պատգամավորի մանդատ եւ զբաղվելու է օրենսդրական գործունեությամբ: Գրիգորյանի փոխարեն մարզպետ է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը, ով Շինանյութի Սերոժի փեսան է: Նա նույնպես այդ մարզից էր պատգամավոր ընտրվել, սակայն ինքնաբացարկ հայտնեց:
Մամուլի հրապարակումների համաձայն` պաշտոնանկ է լինելու նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ըստ տեղեկությունների` նրա փոխարեն մարզպետ կնշանակվի Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ Սահակյանը հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր էր եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ էր գտել ՀՀԿ համամասնական ցուցակում, սակայն անցողիկ հորիզոնականում չէր:
Araratnews.am-ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանն անդրադառնալով իրեն մարզպետ նշանակելու հավանականությանը, ասաց. «Բոլոր հրապարակումները, կապված իմ անձի հետ, թե՛ մինչեւ հիմա, թե՛ այս պահին եւ դրանից հետո, քանի դեռ չլինի պաշտոնական որեւէ հայտարարություն, դա ընդամենը մամուլի երեւակայությունն է եւ, այսպես ասած, հետաքրքրաշարժ դարձնելու խնդիրն է լուծում: Երբ որ կոնկրետ բան կլինի, ես, ինչպես գիտեք, մամուլի հետ շփվելուց որեւէ վախ չունեմ եւ կոմպլեքսներ չունեմ, եւ տեղյակ կպահեմ»,- ասաց Սահակյանը, չհամաձայնելով այն դիտարկմանը, որ իրեն խաղից դուրս են թողել: «Դրա համար ասում եմ. այն հրապարակումները, որ իմ անձի շուրջ է պտտվում, նույնիսկ նստած տեղս, դա ինքնին բնական է, որովհետեւ ես հրապարակային մարդ եմ եւ քաղաքականությունում հրապարակային գործունեություն եմ արել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը նրան որեւէ պաշտոն խոստացե՞լ է, Սահակյանն արձագանքեց. «Ես որեւէ հարցադրման այլեւս չեմ պատասխանում, որովհետեւ երբ լինում է երկու անձի խոսակցություն, որը հրապարակման ենթակա չէ, ես երբեւէ այդ կանոնները չեմ խախտում»:
Փայլակ Ֆահրադյան