Տարադրամի փոխարժեքների ճշգրումից հետո արժութային շուկայում նկատվում է լարվածության որոշակի թուլացում։ Թեեւ դեռ վաղ է խոսել կայունության վերականգնման մասին։ Պատահական չէ, որ փոխանակման կետերում շարունակվում է բավական մեծ լինել տարադրամի առք ու վաճառքի միջեւ գոյություն ունեցող տարբերությունը, ինչը սովորաբար ի հայտ է գալիս բացասական սպասումների պայմաններում։
Այլ կերպ ասած, շուկայի մասնակիցների մոտ ձեւավորված անորոշությունները դեռեւս հաղթահարված չեն։ Ամեն դեպքում, Կենտրոնական բանկը հույս ունի, որ ձեռնարկված քայլերից հետո իրավիճակը կկայունանա։ Որքանով կիրականանան ԿԲ սպասումները՝ ցույց կտա ժամանակը։
Փոխարժեքների հերթական ճշգրտումը Հայաստանում տեղի ունեցավ ազգային արժույթի արժեզրկման արդյունքում։ Այն մեկ օրվա ընթացքում թուլացավ շուրջ 4 տոկոսով։ Դրամի արժեզրկումը շատ ավելին է մեկամսյա ժամանակահատվածի կտրվածքով՝ գրեթե 6,6 տոկոս։ Մի բան, ինչը բարենպաստ պայման է ստեղծում առաջին հերթին տեղական արտադրության մրցունակության բարձրացման համար՝ ընդ որում, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։ Թեեւ տնտեսության համար շատ կարեւոր է, որպեսզի նման գործընթացները լինեն ոչ թե կտրուկ, այլ երկարաժամկետ եւ սահուն։
Որքան էլ ազգային արժույթի վարքագիծը կարեւոր դեր ունի տնտեսության մրցունակությունը խթանելու գործում, այնուհանդերձ, այն Հայաստանում ոչ միշտ է ծառայում այդ խնդրի լուծմանը։ Թերեւս տնտեսական ոչ այնքան բարձր աճի պատճառներից մեկն էլ դա է։
Չնայած, դեռեւս մի քանի տարի առաջ Կենտրոնական բանկը հայտարարեց երկարատեւ ժամկետում ազգային արժույթի արժեզրկման քաղաքականություն իրականացնելու մասին, այնուհանդերձ, հիմնականում այդպես չվարվեց։ Դա նկատելի էր հատկապես վերջին երկու-երեք տարիներին, երբ փոխարժեքները գրեթե փոփոխության չէին ենթարկվում, որքան էլ երբեմն տնտեսության հատվածից հնչում էին դժգոհություններ դրամի գերարաժեւորված լինելու վերաբերյալ։
Ազգային արժույթի արժեզրկումը՝ խթանելով տեղական արտադրության մրցունակությանը, նպաստավոր պայմաններ է ստեղծում հայրենական արտադրության ընդլայնման, աշխատատեղերի պահպանման եւ ավելացման, հետեւաբար նաեւ տնտեսության զարգացման համար։ Սա տնտեսագիտական տարրական նորմ է, որը մեզանում ոչ միշտ է կիրառվում։ Իհարկե դա ունի նաեւ իր պատճառները։
Նպաստելով տնտեսական գործընթացների աշխուժացմանը, ազգային արժույթի թուլացումը, առավել եւս, երբ այն կտրուկ է արտահայտվում, թողնում է նաեւ մի շարք բացասական հետեւանքներ։ Դա սովորաբար մեծացնում է գնաճային ճնշումը, հանգեցնում է դրամային խնայողությունների արժեզրկմանը, նվազեցնում հասարակության գնողունակությունը։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ