տուն Լուրեր Ի՞նչ կապ ունի Ջավախքի միջադեպը Վրաստանում նոր դեսպանի նշանակման հետ

Ի՞նչ կապ ունի Ջավախքի միջադեպը Վրաստանում նոր դեսպանի նշանակման հետ

110
0

Վրաստան

Վրաստանում քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվելը  Թբիլիսիում կարծես ոչ բոլորի սրտով է: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասել է, որ եթե մի քանի ամիս դեսպանը ագրեմանը (կառավարության համաձայնությունն իր երկրում մեկին որպես դիվանագիտական ներկայացուցիչ ընդունելու.- խմբ) չի ստանում, նշանակում է` ընդունող կողմը որոշակի առարկություններ ունի:

Լրատվամիջոցներից մի քանիսը նույնիսկ Ջավախքում տեղի ունեցած միջադեպը Սերգեյ Մինասյանի նշանակման  հետ էին կապել:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ջավախքում բախվել են հայ բնակիչներն ու տեղի ոստիկանները: Բախման պատճառն այն է, որ բնակիչներին չեն թույլատրել իրենց նախնիների ոսկորների վերաթաղման տեղում՝ 10-րդ դարի վերակառուցվող եկեղեցու բակում, խաչքար տեղադրել:

Ինչպե՞ս է վրաց գործչի առարկություններին  վերաբերվում Վրաստանի դեսպանի հավակնորդ Սերգեյ Մինասյանը: Araratnews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին որեւէ մեկնաբանություն չի տալիս, իսկ իր  հասցեին հնչող անձնական բնույթի մեղադրանքները սուտ են և իրականությանը չեն համապատասխանում:

Վրաստանում Սերգեյ Մինասյանի նշանակման մասին չցանկացավ խոսել նաև  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ չվնասելու Սերգեյ Մինասյանին եւ հայ-վրացական հարաբերությունները:

Ինչ վերաբերում է  Ջավախքի միջադեպին, Շիրակ Թորոսյանի  խոսքով, այն արդեն հարթվել է, ձերբակալվածներն ազատ են արձակվել: Շիրակ Թորոսյանը  հիշեցրեց՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են, հետեւաբար որոշ ուժերի, առաջին հերթին` թուրք-ադրբեջանական տանդեմին, բախումը  ձեռնտու կլիներ: «Հայվրացական հարաբերությունները ջերմանում են, ավելի պրագմատիկ օրակարգ է ձեւավորվում, որը չի բխում թուրքադրբեջանական տանդեմի շահերից: Տանդեմը պարբերաբար Վրաստանին վախեցրել է հայկական սեպարատիզմով, որը իրականության հետ ոչ մի կապ չունի»,- մանրամասնեց Շիրակ Թորոսյանը:

Խաչքարի տեղադրումը, օրենսդիր մարմնի անդամի կարծիքով`  կորոշեն Վիրահայոց թեմն ու Վրաց  պատրիարքարանը՝ փոխզիջումային տարբերակ գտնելով. «Կարծում եմ՝ խաչքարը կտեղադրվի, որովհետեւ Ջավախքում տարվա ընթացքում տասնյակ խաչքարեր են տեղադրվում»:

Araratnews.am-ը զանգահարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին՝ ճշտելու, թե հնարավո՞ր է Սերգեյ Մինասյանին Վրաստանում դեսպան չնշանակեն՝ հաշվի առնելով վրաց գործիչների դժգոհությունները, որոնք անուղղակի  Վրաստանի իշխանության կարծիքն են համարում: «Իսկ ո՞վ է ասել, որ Սերգեյ Մինասյանը Վրաստանում պետք  է դեսպան նշանակվեր: Պաշտոնական որեւէ հայտարարություն լսե՞լ եք: Ես կարող եմ հիմնվել միայն պաշտոնական, պաշտոնատար անձանց  հայտարարությունների վրա: Ագրեմանի հայցումը, դեսպանների նշանակումը խորհրդատվական  գործընթաց են, իսկ ԱԳՆ-ը նման հարցի մասին հղում չի արել կամ մեկնաբանություն չի տվել»,- պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Տիգրան Բալայանը  հորդորեց վրաց գործիչների առարկությունների մասին հարցն ուղղել վրացական կողմին:

Քաղաքական ու քաղաքագիտական  տարբեր շրջանակներից araratnews.am-ին հայտնի է դարձել, որ Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր քաղաքագետ Սոսո Ցինցաձեին հովանավորում է Ադրբեջանը, եւ նա, ըստ որոշ քաղաքագետների, ոչ մի ակադեմիա էլ չի ներկայացնում: «Լուրջ  մի վերաբերվեք նրա մեկնաբանություններին, քանի որ մինչ օրս Վրաստանը պաշտոնական մակարդակով իր բացասական կարծիքը չի հայտնել  Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվելու մասին: Իսկ  Ջավախքում այդ միջադեպն ու Մինասյանի հավանական նշանակումը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Չենք կարող բացառել, որ գուցե Հայաստանի որոշ շրջանակներ էլ չեն ուզում Մինասյանի դեսպան նշանակվելը: Զարգացումներն ամեն ինչ  կհստակեցնեն»,- մեզ հետ զրույցում ասացին քաղաքագետները, որոնք առայժմ չեն ցանկանում ստեղծված իրավիճակի մասին հրապարակավ խոսել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ