Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձավ սահմանադրական բաերփոխումներին և նշեց, որ քաղաքական դաշտում կառավարման նոր մոդելի կարիք է զգացվում:
Այն հարցին, թե՝ ինչու հետաձգվեց նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.
«Կա քաղաքական կոնսոլիդացիայի խնդիր, կա հանրային քննարկման խնդիր և առանց հասարակական հնչեղության, առանց քաղաքական կոնսոլիդացիայի չի լինի: Վատ բա՞ն է, որ մինչև մարտ, փետրվար ամիսներին մենք քննարկումներ կազմակերպենք, հասկանանք նպատակը որն է, ինչ ճանապարհով ենք գնում, ուր ենք ուզում գնալ»,-ասաց Բաղդասարյանը:
Այն հարցին, որ, եթե կոնսոլիդացիա չլինի, հնարավո՞ր է, որ այդ գործընթացը կանգնեցվի, Բաղդասարյանը պատասխանեց.
«Բնականաբար հանրությանը պետք է մանրակրկիտ ներկայացվի, որովհետև հանրության ճնշող մեծամասնությունը դրան դեռ ծանոթ չէ: Եվ, բնականաբար, եթե հանրության ճնշող մեծամասնությունը իր դիրքորոշումն ունենա, հիմնավորումները ունենա, վերանայվելու է ամեն ինչ: Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»,-ասաց Բաղդասարյանը: