2018 թվականի պետական բյուջեով սոցիալական ոլորտի ծախսերը նվազել են 362 միլիոն դրամով: Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Գնալով ժողովրդի վիճակը վատանում է, եթե այստեղ կա մեկը, ով կարող է հերքել, ուրեմն ես կասեմ, որ նա ոչ թե Հայաստանում է ապրում, այլ՝ ընդամենը Հյաստանում է գտնվում: Ինչո՞վ է պայմանավորված, որ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ սոցիալական ոլորտի ծախսերը նվազում են: Արդյոք այս ամենը չի՞ հակասում մեր Սահմանադրությանը, որի համաձայն Հայաստանը սոցիալական պետություն է, իսկ մարդը բարձրագույն արժեք է: Ինձ համար անհասկանալի է, որ ասում ենք, թե մարդը բացարձակ արժեք է, բայց նրա ֆինանսավորումը կրճատում ենք, խնդրում եմ ինձ հստակ պատասխան տվեք»,- ասաց Պետրոսյանը:
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, թե 362 մլն-ով նվազում է եղել, սակայն պատգամավորի հետ համամիտ չէր, որ դա հակասում է Սահմանադրությանը: «Եթե մենք պատկերացնենք, որ մեր երկրում սոցիալական խնդրի լուծումը միայն սոցիալական ոլորտին գումար ուղղելով է, մենք դատապարտված կլինենք ձախողման: Սոցիալական ոլորտի ծախսերը կարեւոր լինելով չեն նպաստում նրան, որ մարդ աշխատի եւ իր կենսամակարդակը լավանա»,- պատասխանեց փոխնախարարը եւ ավելացրեց, որ գործազրկությունը նվազել է 12 տոկոսով:
«Միայն ասում ենք, որ վատացել է: Ես կարծում եմ, որ դա միայն էմոցիա է: Հիմնավորում են միայն թվերը, իսկ թվերը ուրիշ բան են ասում»,- նշեց Ջանջուղազյանը, որից հետո Գեւորգ Պետրոսյանը կրկին պնդեց, թե գնալով ժողովրդի վիճակը վատանում է:
«Միայն գնաճ է, եթե չեն բարձրանում աշխատավարձը, կենսաթոշակը, ապա ի՞նչ հնարքով է մարդկանց կենսավիճակը լավանում: Ես չեմ կարծում, որ բյուջեն հանրահաշվի դասագիրք է եւ պետք է արտացոլի ինչ-որ թվեր: Բյուջեն պետք է արտացոլի սահմանադրության առաջին հոդվածը: Դու հիմա ասում եք, որ գումարներն ուղղված են կապիտալ ներդրումներին: Հիմա, որ պետությունն ասոցացնենք ընտանիքի հետ, ապա ընտանիքի հայրը պետք է կանգնի ու հայտարարի, որ, հարգելի ընտանիք, մենք մեր գումարները ուղղում ենք տան կապիտալ վերանորոգմանը: Այսինքն` ո՛չ հաց պետք է ուտեք, ո՛չ շոր հագնեք: Սա ի՞նչ մոտեցում: Չի՞ կարելի այնպես անել, որ հավասարաչափ բյուջեն բաշխվի»,- նշեց Գեւորգ Պետրոսյանը: