տուն ժամանց Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը. որոնք են 2018-ի թրենդներն ու հակաթրենդները (լուսանկարներ)

Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը. որոնք են 2018-ի թրենդներն ու հակաթրենդները (լուսանկարներ)

201
0

Ամանորին կարևոր են ոչ միայն բնակարանների գեղեցիկ զարդարանքները, տոնածառի գույներն ու տոնական ուտեստները, այլ նաև մեր արտաքին տեսքը: Այդ օրը տան աղջիկներն ու կանայք պետք է յուրահատուկ  ու առանձնապես հմայիչ լինեն:

Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը, ո՞ր գույներն են ավելի նորաձև, որո՞նք ենք 2018 թվականի նորաձևության թրենդներն ու հակաթրենդները. այս և այլ հարցերին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է ոճաբան-դիզայներ Թինա Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ այս տարի շատ ակտուալ են կարմիր կաշվե վերարկուները, որոնք երևում են մի շարք ցուցադրությունների ժամանակ. «Դրանք հիմնականում կրում են ոչ միայն որպես վերարկու, այլև մերկ մարմնի վրա որպես զգեստ: Նմանօրինակ վերարկուներ կարելի է տեսնել  GIVENCHY-ի, Calvin Klein-ի ցուցադրությունների ժամանակ: Իսկ այդ վերարկուների հետ կարելի է կրել և՛ տաբատներ, և՛ կիսաշրջազգեստներ, բայց եթե ցանկանում ենք ամբողջությամբ հետևել նորաձևության կանոններին, ցանկալի է, որ դրանք ևս կարմիր լինեն»:

Դիզայները նշում է, որ ծոպերն այս տարի նույնպես նորաձև են՝ վերարկուների, տաբատների, կիսաշրջազգեստների վրա. տոպերի վրա նույնպես շատ գեղեցիկ են նայվում:

«Նորաձև է նաև կերպասը` հատկապես երկար զգեստների տարբերակով: Մորթին նույնպես շատ նորաձև է, այն դեռ անցյալ տարվանից է նորաձև: Մորթե վերարկուների վինտաժային տարբերակն է հատկապես նորաձև լինելու, որոնք ավելի շատ հիշեցնելու են 50-70-ական թվականները»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է պայուսակներին ու կոշիկներին, դիզայներն առանձնացրեց «տատիկի հին պայուսակները» և ցածրակրունկ ու սուրքիթ կոշիկները:

Իսկ տարվա ամենաակտուալ գույնը կարմիրն է, որը նորաձևության գրեթե բոլոր ցուցադրություններում կա. «Նորաձև են նաև դեղինը, շագանակագույնը, կանաչը, կապույտը, ոսկեգույնը, արծաթագույնը և դրանց բոլոր երանգները»:

Հակաթրենդներ, որոնք չի կարելի է հագնել 2018-ին: Դիզայները խորհուրդ է տալիս այս տարի հրաժարվել oversize վերարկուներից, որոնք վերջին անգամ նորաձև էին 2016 թվականին. «Այդ վերարկուները մինչև հիմա շատերն են հագնում, չնայած հիմա նորաձև է, երբ ընդգծվում է գոտկատեղը: Բավականին նորաձև են կիմանոյի ոճի վերարկուները»: 

Կոշիկներից հակաթրենդային են համարվում ուգիները. «Դրանք, ճիշտ է, շատ հարմար են և տաք, բայց այս տարի այլևս պետք չէ ուգի հագնել: Նաև հակաթրենդ են համարվում նեղ, ցածր գոտկատեղով տաբատները, ավելի նորաձև են բարձր գոտկատեղով լայն տաբատները, որոնք 90-ականների նորաձևությունն են հիշեցնում: Հակաթրենդային են նաև տաբատների վրա հուլունքներն ու պրինտերը»:

Իսկ թե ինչ պետք է հագնել 2018 թվականի Ամանորի գիշերը, ոճաբանը նշում է. «Ամեն ինչ կախված է այն բանից, թե որտեղ եք դիմավորելու Նոր տարին՝ տա՞նը, ռեստորանո՞ւմ, թե՞ ժամանցի այլ վայրերում: Ամեն դեպքում պարտադիր է, որտեղ էլ լինել, ունենալ տոնական տրամադրություն, որը, իհարկե, կարող է կախված լինել նաև հագուստից: Այս տարին քանի որ Շան տարի է, կարևոր գույնը դեղինն է: Եվ Ամանորի գիշերը կարելի է կրել հենց դեղին կամ շագանակագույն զգեստ: Գեղեցիկ կլինեն նաև ոսկեգույնը և արծաթագույնը, որոնք կարելի է նաև օգտագործել երեկոյան դիմահարդարման մեջ»:

Այնուամենայնիվ, որքան էլ մենք սիրում ենք հետևել նորաձևության վերջին թրենդներին, դիզայները հորդորում է չմոռանալ նաև կազմվածքի, մաշկի ու մազերի գույնի մասին, քանի որ հնարավոր է այն, ինչ նորաձև է, ուղղակի չսազի. «Հագուստ ընտրելիս պարտադիր պետք է հաշվի առնել արտաքին տեսքը, կազմվածքը, որովհետև, օրինակ՝ որքան էլ նորաձև ու գեղեցիկ են լանջաբացվածքները կամ բաց թևերը, դրանք կարող է չսազեն ձեզ: Իսկ ովքեր կազմվածքի խնդիր ունեն, նրանք կարող են սև, թույլ զգեստ հագնել, այն միշտ նորաձև է»:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ