Կառավարությունն աշխատանքներ է իրականացնում ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ, այսօր Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում հայտնեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարն ասաց, որ փետրվար կամ մարտ ամսից կունենան տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ: Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում»,- տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը:
«Ուսումնասիրելով այլ երկրների փորձը, առաջարկում ենք հետևյալը՝ նախ բոլոր աշխատողներն ուղևորվելու են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում, գնվելու են ամենաէժան տոմսերը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Տոմսի կատեգորիան փոխելը պետք է արվի հատուկ թույլտվության հիման վրա»,- մանրամասնեց նախարարն ու հավելեց. «Երկրորդ խումբ անձինք նախարարներն են, առընթեր մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունն 8 ժամից ավելի է: Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, ում համար նախատեսվում է բիզնես դասի տոմս»:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս փոփոխությունն, իհարկե չի սահմանափակում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր, պարզապես դա չի փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին:
«Սա վերաբերվում է նաև նախարարների՞ն»,- հետաքրքրվեց Հովիկ Աբրահամյանը:
«Երկրորդ խումբն է նախարարներինը, այսինքն՝ էկոնոմ դասի տոմսերը նաև նախարարներին է առաջարկվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունն ութ ժամից ավելի է»,- պատասխանելով վարչապետի հարցին՝ նշեց Դավիթ Հարությունյանը:
Հովիկ Աբրահամյանն էլ հորդորեց բոլոր նախարարների կարծիքը գրավոր ունենալ, որից հետո հարցը կքննարկեն: