Ուղիղ մեկ շաբաթ է` ինչ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները և Երևանի տարբեր բուհերի ուսանողներ դասադուլ են սկսել` պայքարելով տարկետման իրավունքի վերացման մասին օրենքի նախագծի դեմ: Եվ չնայած այսօր ՀՀ Ազգային ժողովը 86 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, դասադուլավորները դեռ շարունակում են բողոքի ակցիան: Իսկ թե որքան կտևի այս իրավիճակը, դասադուլի մասնակիցները դեռ ժամկետներ չեն նշում:
Շարունակվող դասադուլն ինչ արդյունքներ կտա, և ինչի կհասնեն ուսանողները` դժվար է ասել, բայց այն, որ բացակայությունները հետագայում կազդեն նրանց գնահատականների վրա, փաստ է: Իսկ դասադուլավոր ուսանողների բացակայությունները, այնուամենայնիվ, դրվում են բոլոր բուհերում:
Araratnews.am-ը մի քանի համալսարանից փորձեց ճշտել, թե տվյալ բուհերում քանի բացակայությունից հետո ուսանողները կարող են նկատողություն ստանալ, քանիսի՞ դեպքում հնարավոր է հեռացվեն, և արդյոք բացակայությունների թիվն այս օրերին աճել է, թե ոչ:
Երևանի պետական համալսարանի մասով արդեն ներկայացրել էինք, որ դասադուլը բավականին ազդել է դասապրոցեսի վրա, ֆակուլտետներ կան, որ ուսանողների 70-80 տոկոսը դասի չի հաճախում: Թերևս պետական համալսարանն այս առումով ամենաաչքի ընկնողն է: Մի քանի ֆակուլտետների դեկաններ մեզ հետ զրույցում նշեցին, որ ինչքան էլ մեծ է բացակաների թիվը, և ինչ-որ տեղ իրենք նաև կիսում են ուսանողների մտահոգությունները, բայց սահմանված կարգի համաձայն` նշանակվում են բոլոր բացակաները: Համալսարանում 60 ժամ բացակայության դեպքում ուսանողները դեկանի կողմից նկատողություն կստանան, 90 ժամ բացակայության դեպքում` ռեկտորի կողմից, իսկ 120 ժամ բացակայության դեպքում կհեռացվեն:
Անկախ հանգամանքներից, բացակաները դրվում են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Բուհի պրոռեկտոր Յուրի Մարմարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով բացականերին նշեց. «Ներկա-բացական արվում է այնպես, ինչպես կարգն է: Մենք որևէ միջոցառում չենք ձեռնարկել դասադուլի հետ կապված, եթե դասից բացակայել են, ուսանողին պետք է բացակա նշանակվի: Հիմա մենք ինչ գիտենք` ուսանողը գնացել է դասադուլի՞ մասնակցի, թե՞ գողություն անի»:
Հարցին` թե քանի՞ բացակայության դեպքում է հնարավոր ուսանողը հեռացվի համալսարանից, և արդյոք դասադուլի մասնակից ուսանողների բացակաները հետո հարգելի կհամարվեն, մեր զրուցակիցն ընդգծեց. «Դա պայմանավորված է տարբեր գործոններով: Եթե ուսանողը բացակայել է, բայց բժշկի թուղթ է բերում, բացական կարող է հարգելի համարվել: Եվ ասեմ, որ մենք մեկ-երկու ամիսը մեկ ռեկտորատում քննարկում ենք ուսանողների հաճախելիությունը և գտնում ենք, որ ուսանողը պետք է հաճախի դասի»:
Ագրարայինում, սակայն մեկ դեպքում ուսանողները կարող են լրացնել իրենց բացակաները, եթե տվյալ առարկայից բացակայած թեմայից ռեֆերատ հանձնեն. «Մարդիկ վճարում են սովորելու համար, ոչ թե հենց միայն ներկա-բացակայի համար»:
Իսկ Հայ-ռուսական համալսարանում, որտեղից նույնպես ուսանողներ կային դասադուլին, բացակայությունների կարգը հետևյալն է. «Եթե ուսանողը բացակայում է դասավանդվող բոլոր առարկաների ընդհանուր դասաժամերի 50 տոկոսից կամ գոնե մեկ առարկայի համար նախատեսված դասաժամերի 30 տոկոսից, ապա հեռացվում է համալսարանից»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը:
Նա նաև ընդգծեց, որ դասաժամերին պատշաճ կերպով չհաճախող ուսանողը երեք-չորս անգամ նախազգուշացվում է հնարավոր հետևանքների մասին, որից հետո նոր միայն որոշում է կայացվում հեռացման մասին. «Հայ-ռուսական համալսարանը երբեք չի առաջնորդվում «գլխաքանակ» պահելու սկզբունքով. եթե ուսանողը վերը նշված կանոնակարգով չի հաճախում դասաժամերին կամ բավարար գնահատական չի ստանում ընթացիկ քննություններից, ապա դուրս է մնում համալսարանից»:
Ինչ վերաբերում է հարցին` արդյոք վերջին օրերի դասադուլով պայմանավորված բացակայությունների թիվն ավելացե՞լ է, նա պատասխանեց. «Մեզ մոտ ղեկավարների, ինչպես նաև դասախոսների կողմից որևէ բողոքներ, որ ուսանողները չեն գալիս դասերին, կամ քչացել է նրանց հաճախելիությունը, չկան: Համալսարանում ուսումնական պրոցեսն իր հունով ընթանում է, առանց ընդհատումների:
Դասադուլին մասնակցել են նաև Ամերիկյան համալսարանից, սակայն այնտեղից էլ մեզ տեղեկացրին, որ իրենց ուսանողները միշտ ցույցերին մասնակցում են դասերից առաջ կամ հետո, քանի որ իրենց մոտ դասացուցակն ավելի ազատ է: Իսկ բացակայությունների հատուկ մշակված կարգ համալսարանում չկա. «Մեզ մոտ այդպես բացակայությունների քաղաքականություն չկա, ամեն կուրսի համար դասախոսն ինքն է որոշում, թե քանի բացակայից հետո է ուսանողը ձախողում: Եվ մեզ մոտ սիստեմն այնպես է, որ հնարավոր չէ շատ բացակայության դեպքում կարողանաս տվյալ դասընթացը հաջող հանձնել: Իսկ այս վերջին օրերին բացակաների թիվը չի ավելացել, որովհետև մեր ուսանողները ցույցերին գնում են դասերից հետո կամ առաջ, որովհետև մեզ մոտ դասացուցակը ֆիքսված չէ, ավելի ազատ է»,- նշեց Ամերիկյան համալսարանի աշխատակիցը:
Հավելենք, որ մենք փորձել ենք կապ հաստատել նաև մյուս բուհերի հետ, որտեղից ուսանողներ ևս մասնակցում են դասադուլին, սակայն չհաջողվեց:
Հիշեցնենք, որ դասադուլին հիմնականում մասնակցել են Երևանի պետական համալսարանի ուսանողները: Դասադուլի այս 7 օրերի ընթացքում նրանց միացել են ագրարային, Հայ-ռուսական, Ամերիկյան, Ֆրանսիական, նաև այլ համալսարաններից: Երեկ արդեն դասադուլավորներին են միացել Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները:
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ