Եթե չես կարող շնչել,
այլևս ոչինչ կարևոր չէ
Սովորիր և ապրիր
Մարդն իր կյանքի մեկ երրորդն անց է կացնում քնած վիճակում: Այդ ընթացքում հիվանդությունները չեն լքում նրան: Ավելին, կան հիվանդություններ, որոնք հատուկ են միայն քնած վիճակին: Դրանցից են շնչառության խանգարումները և այդ խանգարումների ամենածանր և տարածված ձևը` Քնի օբստրուկտիվ ապնօէ-ն: «Ապնօէ» բառը թարգմանաբար հունարենից նշանակում է շնչառության բացակայություն: Քնի օբստրուկտիվ Ապնօէ-ն մի հիվանդություն է, որի ժամանակ քնի ընթացքում տեղի է ունենում շնչառության շարունակական դադար վերին շնչուղիների օբստրուկցիայի՝ խցանման հետևանքով: Այդ հիվանդությունը չափազանց տարածված է և նկատվում է տղամարդկանց 9%, կանանց 4% և երեխաների 2% մոտ: Այն ախտահարում է բոլոր տարիքի մարդկանց, սակայն առավել հաճախ հանդիպում է 30-60 տարեկան տղամարդկանց մոտ, այդ իսկ պատճառով ստացել է «հասուն տարիքի տղամարդկանց հիվանդություն» անվանումը: Ավել կշիռը 10 անգամ բարձրացնում է գիշերային շնչադադարի հավանականությունը: Պարզ ասած Քնի օբստրուկտիվ Ապնօէ-ն մի հիվանդություն է, որի ընթացքում մարդու համար երկու կենսական ֆունկցիաները` քունը և շնչառությունը դառնում են անհամատեղելի: Ահա թե ինչ է կատարվում մարդու հետ. նա քուն է մտնում, վերին շնչուղիները խցանվում են, դադարում է թոքերի վենտիլյացիան: Մարդը շարունակում է շնչառական շարժումները, ջանալով բացել շնչուղիները, բարձր խռմփոցով արթնանում է, շնչուղիները բացվում են և նա նորից քուն է մտնում: Զարգանում է թթվածնային քաղց, հաճախակի միկրոարթնացումները, որոնք չեն գիտակցվում մարդու կողմից, խաթարում են քնի նորմալ կառուցվածքը: Այդպես կարող է կրկնվել 300-500 և ավելի անգամ մեկ գիշերվա ընթացքում: Փորձեք տաս վայրկյանով պահել շունչը, նորից շնչել և նորից դադարել, և այդպես շարունակ 5-6 ժամ և կզգաք, թե ինչ է կատարվում քնի ընթացքում: Մարդը պայքար է մղում շնչելու համար, իսկ առավոտյան արթնանում է հոգնած, ջարդված, գլխացավով, բերանի չորությամբ, բարձր արյան ճնշմամբ: Քնի նորմալ կառուցածքի խանգարումները հանգեցնում են ցերեկային արտահայտված քնկոտության, տրամադրության և հիշողության անկման, դեպրեսիայի:
Այսպիսով, խռմփոցն անվտանգ երևութ չէ, ոչ էլ կատակի առարկա, ինչպես մեզանում կարծում են շատերը: Այն լուրջ հիվանդության նշան է, այլ կերպ ասած` օրգանիզմի ահազանգ՝ օգնություն ստանալու համար:
Գիշերային շնչադադարը զգալիորեն վատթարացնում է մարդու կյանքի որակը: Այն լուրջ սպառնալիք է հանդիսանում մարդու առողջության համար, քանզի հանգեցնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների և վիճակների զարգացմանը, ինչպիսիք են.
Զարկերակային բարձր ճնշում
Սրտի ռիթմի խանգարումներ
Սրտամկանի ինֆարկտ
Ինսուլտ
II տիպի շաքարախտ
Մարմնի կշռի արագ ավելացում, ճարպակալում
Սեռական ցանկությունների նվազում, իմպոտենցիա
Տրամադրության անկում, դեպրեսիա
Ցերեկային քնկոտություն և ճանապարհատրանսպորտային վթարներ
Կարող եք նշել մեկ այլ հիվանդություն, որը հանգեցնում է այդքան լուրջ և բազմազան բարդությունների: Մինչդեռ գիշերային շնչադադարի ժամանակին ախտորոշումը և բուժումը կապահովի Ձեր առողջ ապրելակերպը և կպահպանի Ձեր առողջությունը:
Քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշով տառապող տղամարդու տիպիկ պատկեր է, եթե Ձեզ մոտ նկատվում են հետևյալ երևույթները`
Գիշերային բարձրաձայն խռմփոց
Ձեր կողակիցը/տան անդամները նկատել են շնչառության դադարներ քնի ընթացքում
Անհանգիստ, ոչ թարմացնող քուն
Գիշերային հաճախամիզություն
Առավոտյան գլխացավ, հոգնածություն, բերանի չորություն
Ցերեկային ժամերին արտահայտված քնկոտություն (օրինակ` մեքենա վարելիս, կարդալիս)
Խրոնիկ հոգնածություն
Տրամադրության և հիշողության անկում
Արյան ճնշման բարձրացում
Մարմնի կշռի արագ ավելացում
Սեռական ցանկությունների նվազում։
Սրանց առկայության դեպքում, հավանական է, որ Դուք տառապում եք Քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշով:
Հիվանդության ախտորոշումը և բուժումը կկանխի բարդությունների զարգացումը:
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնում կատարվում է Քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշի (Գիշերային խցանող շնչադադարի) ախտորոշում և բուժում:
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն, քնի լաբորատորիա
Բժշկական գիտությունների թեկնածու, թոքաբան, քնի խանգարումների մասնագետ՝ Մարինե Պետրոսյան.
Հեռ. 093 34 35 59
e-mail: laboratory_sleep@yahoo.com