Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում խոսեց Կառավարության ծրագրի շուրջ իրենց առաջարկների մասին՝ նշելով, որ խմբակցությունը երեք հարցադրում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Երեք հիմնական առաջարկ ենք անում։ Առաջինը՝ որ ծրագրում պետք է ամրագրվեին ռիսկերը և երաշխիքները։ Որ 2023 թ․ նոյեմբեր-դեկտեմբերին չպարզվի, որ ինչ-ինչ մարտահրավերներ կային և չիրականացվեցին։ Երկրորդը՝ պետք է կոնկրետ ժամանակացույց ներկայացվի, և երրորդը՝ այն մեխանիզմները, որոնք պետք է ինչ-որ տեղ նաև երաշխիք դառնան, որ իսկապես ծրագրի կետերը կյանքի կկոչվեն»,- մանրամասնեց Մելքումյանը։
Ըստ Մելքումյանի՝ Կառավարության ծրագրով նախատեսված ներդրումների ծավալը խիստ անբավարար է 5 տարվա համար։ Պատգամավորը նաև նշեց, որ պետք է հասկանալի լինի, թե ի՛նչ ֆինանսական ծրագրերով են իրականանալու այդ ռեֆորմները։
Միևնույն է, որևէ իրավական նորմ չի սահմանում, որ Կառավարության ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել, և Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ այդ առաջարկները միայն հընթացս կարող են իրագործվել, ինչո՞ւ այդ պարագայում ԲՀԿ-ն դեմ քվեարկեց ծրագրին, հարցին, պատգամավորը պատասխանեց․«Ես առաջարկել էի, որ խմբակցությունները ԱԺ նախագահի հետ հանդիպեին, և քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերեինք։ Եթե լիներ նման պայմանավորվածություն, միգուցեև քվեարկության ընթացքում իրավիճակ կփոխվեր»,- ասաց Մելքումյանը՝ նշելով, որ անկախ իրենց քվեարկությունից, ԲՀԿ-ն շահագրգիռ է, որ տնտեսական հեղափոխությունը տեղի ունենա։