Թե՛ մեր կառավարությունը և թե՛ ռուսական կողմը շահագրգռված են օբյեկտիվ իրականությունը հասկանալու և պարզելու, թե որքանով են երկաթուղու վերաբերյալ հրապարակումներում նշված չարաշահումները համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է տիրում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում։
Հակոբյանը նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում մոտ 15 օր առաջ կատարվել է խուզարկություն, հարուցվել է քրեական գործ, և ներկայումս քննություն է կատարվում։ Նախարարի կարծիքով՝ բավարար հիմքեր են եղել խուզարկություն կատարելու և քրգործ հարուցելու համար։ Թե ի՛նչ չարաշահումներ են եղել, նախարարը նշեց, որ դրա պատասխանը կտա քննությունը։
Ա. Հակոբյանը նշեց, որ այս պահին էլ գործընկերային հարաբերությունները շարունակվում են։