ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է 2003 թ. ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 130.1-ին հոդվածով՝ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը հեղինակել են պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը: Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Մեկ այլ կետով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ` պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ այս դահլիճում չկա մեկը, որ կողմ լինի բռնությանը` անկախ նրանից, ում հանդեպ է դա կիրառվում: «Ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիստների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, և դրանց համար Քրեական օրենսգրքով արդեն նախատեսվում է հստակ պատժամիջոց»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ առաջարկելու է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող պատիժը խստացնել: «Որպես նախկին լրագրող` օգտվելու եմ իմ պատգամավորի իրավունքից և առաջարկելու եմ քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում: Մենք կողմ ենք, որ Քրեական օրենսգիրքն իր ողջ խստությամբ գործի բռնություն կատարածի նկատմամբ, բայց այդ դեպքում ի՞նչ ասել այն բժշկին, ով մահամերձ հիվանդի կողքին կանգնած, ասում է` ես ադրենալին չունեմ, որ նրան ստիմուլյացիա անեմ, գնացեք ապտեկայից առեք,- ասաց պատգամավորը: Ես կոչ չեմ անում, որ Քրեական օրենսգիրքը բռնության խնդիրը կարգավորում է և առանձին մասնագիտություններով տարբերակել և ծանրաբեռնել օրենսգիրքը տրամաբանական չէ: Եթե մենք դնում ենք տարբերակումներ, եկեք քրեական օրենսգիրքը ծանրաբեռնենք և բոլոր մասնագիտությունների գծով գրենք` չի կարելի բռնություն գործադրել տաքսիստի, ուսուցչի և մյուս մասնագիտությունների հարցով: Այս տարբերակումը մեզ համար հասկանալի չէ»,- հայտարարեց նա:
Փայլակ Ֆահրադյան