Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կոնստանտին Օրբելյանը կադրային փոփոխությունների անվան ներքո ազատվում է լավագույն մասնագետներից` նրանց փոխարեն նշանակելով իր թիմակիցներին: Ակադեմիական թատրոնում ստեղծված անառողջ մթնոլորտի, կադրային փոփոխությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով Araratnews.am-ը կապ հաստատեց Կ. Օրբելյանի հետ: Կիսահայերեն-կիսառուսերենով Օրբելյանը տեղեկացրեց, թե զբաղված է, եւ առաջարկեց երկու ժամից զանգահարել:
Ավելի ուշ, սակայն, Օրբելյանի հեռախոսին պատասխանեց մեկ այլ անձնավորություն, ով հայտարարեց, թե Օրբելյանը մինչեւ ամսի 15-ը չի կարող հեռախոսազանգերին պատասխանել, քանի որ սկսվել է «Արամ Խաչատրյան» մրցույթը, եւ նա 24 ժամ աշխատում է: Տվյալ անձնավորությունը հայտնեց, թե տեղակալն է, եւ իրավասու է հարցերին պատասխանելու, սակայն հրաժարվեց ներկայանալ: Հարցին, թե կադրային փոփոխություններ են իրականացվում, աշխատանքից ազատվում են մարդիկ առանց հիմնավոր պատճառների, ի պատասխան նա նշեց. «Վարչապետի շուտվա հրամանով կրճատումներ են լինում բոլոր տեղերում, նաեւ` մեր թատրոնում»:
Դիտարկմանը, թե մեզ հասած տեղեկություններով` Օրբելյանը դրան զուգահեռ աշխատանքի է ընդունում այն մարդկանց, ովքեր իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ են, Օրբելյանի տեղակալ ներկայացած անձը հայտարարեց. «Մտերիմներ» բառը շատ սխալ է, յուրաքանչյուր ղեկավար, երբ որ գալիս է մի պաշտոնի, պիտի բերի իր թիմը բնականաբար: Բայց դա չի նշանակում, որ երեք տեղակալ հեռացնելուց հետո իրենց տեղը ուրիշ մարդ չպիտի գար»:
Պարզվում է` տեղակալին զարմացնում է այն հանգամանքը, որ նոր ղեկավարը իր թիմն է բերել, քանի որ այն նորմալ երեւույթ է: Ի դեպ, Կարինե Կիրակոսյանը, ով Օրբելյանի հետ է եկել թատրոն եւ զբաղեցնում է առաջին տեղակալի պաշտոնը, ըստ հեռախոսի պատասխանողի, բերվել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից:
Հարցին, թե կադրային փոփոխությունները Օրբելյանն իրականացնում է Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի «բարձր հովանու» ներքո. «Աբսուրդ է դա, Կոնստանտին Օրբելյանն այնքան անկախ կերպար է, եւ չմոռանանք, որ մեր երկիրն է խնդրել, որ ինքը խախանդ, հրաշք կյանքը թողնի, աշխարհ ման գալը թողնի եւ գա մեր համար աշխատի: Այնպես որ, ես չեմ գտնում, թե նա օգնության կամ պատրոնդաշի կարիք ունի: Ինչ վերաբերում է տիկին Ռիտա Սարգսյանին, ապա նա մշտապես ուշադիր է ե՛ւ մշակույթին, ե՛ւ յուրաքանչյուր հարցերին, ոչ միայն օպերայի, այլ մյուս բոլոր»,- ասաց նա:
Ի դեպ, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար Օրբելյանը պետք է հայոց լեզվի քննություն հանձնի, իսկ քանի որ մեր զրույցի սկզբում պարզ դարձավ, որ նա հայերենին լիարժեք չի տիրապետում, նրա տեղակալին հարցրինք, թե ինչպես է այդ հարցը լուծվելու: «Շուտով այդ հարցը կլուծվի»,- ասաց նա, հայտարարելով, որ Օրբելյանը միշտ էլ հայերեն պարապում է:
Հետո արդեն Օրբելյանի տեղակալը հունից դուրս եկավ եւ սկսեց «դասեր տալ», հայտարարելով, թե առաջարկում է «խախանդ» ապրել, եւ, բացի այդ, իբր բան ու գործը թողած` ընկել ենք օպերայի հետեւից: «Մի՛ նեղացրեք էս մարդուն, հազիվ մի հատ լույս է ընկել օպերայի վրա»,- ասաց նա:
Թե ինչու տվյալ անանուն տեղակալին թվաց, թե «բան ու գործ չունենք եւ ընկել ենք օպերայի հետեւից», թողնում ենք առանց մեկնաբանության: Ի վերջո, լրագրությունը չի պարտադրում չհիմնավորված տեսակետները մեկնաբանել: Թերեւս բարի խորհուրդ միայն. «խախանդ ապրեք»:
Նշենք, որ օպերայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել նաեւ մշակույթի նախարարությունից: Ներկայացնելուն պես կհրապարակենք նաեւ նրանց պարզաբանումը:
Փայլակ Ֆահրադյան