Հոլիվուդը նվաճած երկվորյակ եղբայրներ Ալեն և Ալբերտ Հյուզները ծնվել են 1972-ին ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքում՝ աֆրոամերիկացի հոր և ամերիկահայ մոր ընտանիքում:
Ապագա ռեժիսորների մանկությունն անցել է Կալիֆոռնիայում, որտեղ Աիդա Հյուզը երկվորյակ տղաների հետ տեղափոխվել էր ամուսնալուծությունից հետո:
Եղբայրները հարցազրույցներում բազմիցս խոսել են իրենց հայկական արմատների մասին և հպարտացել դրանցով: Նրանք մեծ սիրով և հարգանքով են պատմում իրենց պատմական հայրենիքի մասին: 2010-ին հայտնի ռեժիսորները «Ոսկե ծիրանի» շրջանակում այցելել էին Հայաստան:
Եղբայրների առաջին ֆիլմը՝ «Սպառնալիք 2: Հասարակությունը», առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Հաջորդ աշխատանքը՝ «Հանգուցյալ նախագահները», որի սցենարի հեղինակը մրցանակակիր դրամատուրգ Մայքլ Հենրի Բրաունն էր, 1995-ին ներկայացվել է Նյու Յորքի կինոփառատոնում։ Սրան հետևել է «Ամերիկացի կավատ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1999-ին «Սանդենս» կինոփառատոնում։ 2001-ին եղբայրները նկարահանել են «Դժոխքից» ֆիլմը՝ Ջոնի Դեփի և Հիթեր Գրեմի մասնակցությամբ։ Նրանց հեռուստադեբյուտը «Չարիքին դիպչելիս» հեռուստասերիալն էր։
Ալեն և Ալբերտ Հյուզերն իրենց տաղանդը փորձել են նաև երաժշտության ասպարեզում։