Երեկ ՀՅԴ ու ԲՀԿ անդամները հանդիպել են ու, ըստ հաղորդագրության՝ քննարկել են քաղաքական հարցեր: Ու քանի որ հաղորդագրությունը շատ «ժլատ» էր, Araratnews.am-ը զանգահարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ իմանալու, թե արդյոք հանդիպումները նոր քաղաքական բեւեռ ստեղծելու համար են: «Քաղաքական նոր բեւեռի ստեղծման հարց չենք քննարկել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ անդամն ասաց, որ առաջիկայում հանդիպելու են քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների հետ: Իսկ թե ով է քաղաքական մյուս ուժը, Սաղաթելյանը չասաց: «Այս պահին վերջնական պայմանավորվածություն չկա, դրա համար չեմ ասում: Բայց եւս 2 կուսակցությունների հետ հանդիպում կլինի»,- մանրամասնեց դաշնակցականը:
Հարցին՝ հանդիպողների շարքում կլինի՞ ՀՀԿ-ը, Իշխան Սաղաթելյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց:
Հայաստանի քաղաքական կյանքում նման հանդիպումները լինում են որևէ նոր բեւեռ ստեղծելուց առաջ: Եթե ՀՅԴ-ն քաղաքական կոնսուլտացիաներ չի սկսել այդ նպատակով, ապա ինչու է քաղաքական այլ ուժերի հետ հանդիպում: Դաշնակցականի պատասխանը հարցին սա էր. «Ծանոթանում ենք միմյանց քաղաքական մշակույթին, դիրքորոշումներին»:
ԱԺ-ում երկար տարիներ ՀՅԴ-ը, ԲՀԿ-ն միասին աշխատել են, նույնիսկ կոալիցիա են կազմել: Մի՞թե այդ ժամանակը բավարար չէր միմյանց մոտեցումները ճանաչելու: Ի պատասխան ՀՅԴ-ի ներկայացուցիչն ասաց, որ երկրում քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին ՀՅԴ-ը ներկայացրել է իր տեսակետը, ԲՀԿ-ն՝ իր: «Իսկ եթե 6 տարի առաջ կոալիցիա ենք եղել, չի նշանակում, որ միմյանց հետ խոսելու, ծանոթանալու խնդիր չունենք»,- ավարտեց իր խոսքը ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Սոնա Դավթյան