տուն Լուրեր ՀՅԴ-ն կօգնի՞ Սերժ Սարգսյանին սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու հարցում

ՀՅԴ-ն կօգնի՞ Սերժ Սարգսյանին սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու հարցում

147
0

21

Դեռևս ամռան սկզբում խորհրդարանական քառյակը խոստացավ թեժ աշուն կազմակերպել, բայց, ինչպես բոլորս ենք տեսնում, աշնան առաջին ամիսն արդեն վերջանում է, բայց ոչ մի թեժացում նկատելի չէ: Ավելին, այսօր  խորհրդարանում քառյակը նիստ հրավիրեց և հայտատարեց խոստացված համապետական հանրահավաքի օրը՝ հոկտեմբերի 10։ Բայց ամենաուշագրավն այն է, որ հանրահավաքը լինելու է եռյակի մասնակցությամբ. ՀՅԴ-ն որոշել է չմասնակցել՝ պատճառաբանելով, որ իրենք չեն պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով հանրահավաք անցկացնելը: Ավելին՝ ՀՅԴ-ն չի մասնակցելու անգամ մարզային հանդիպումներին, այսինքն՝ այս քաղաքական ուժը բարձրաձայն չի հայտարարում, որ դուրս է գալիս քառյակից, բայց դա դե յուրե այդպես է: Իսկ ՀՅԴ-ի այս քայլից հետո կարելի է ենթադրել, որ այդ քաղաքական ուժն օգնում է Սերժ Սարգսյանին սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու և նրան լեգիտիմացնելու հարցում:

Նշենք, որ երեկ էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրապարակեց մի քանի նախապայմաններ, որոնց կատարման դեպքում «Ժառանգություն»-ն ևս կարող է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Պատկերացնենք, որ այդ նախապայմաններն իշխանություններն ընդունում են, ինչն այս փուլում, կարծես թե, իշխանություններին ձեռնտու է: Ի՞նչ կլինի այդ դեպքում եռյակի հետ: «Ժառանգություն»-ը և՞ս կհրաժարվի հանրահավաքներից և հետագա մյուս անելիքներից: Հետո չմոռանանք, որ քառյակում, ի սկզբանե, տարակարծություն կար ոչ միայն սահմանադրական բարեփոխումների հարցում, այլ նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ կապված: Ու մինչև այս պահն էլ՝ ԲՀԿ-ն դեռևս չի հայտարարել, թե այս հարցի հետ կապված ի՞նչ որոշում է կայացրել՝ չնայած պարզ է, որ այս քաղաքական ուժը երբեք չի հայտարարի, թե ինքը նախագահի հրաժարականն է պահանջում: Այսպիով, կարելի է արձանագրել, որ քառյակը շատ «խառն» է, իսկ առաջիկայում անցկացվելիք հանրահավաքն՝ ընդամենը ձեւականություն, եւ այս իրավիճակում էլի շահելու է միմիայն գործող իշխանությունը.  հայաստանյան ընդդիմությունը եւս մեկ անգամ ջուր լցրեց ՀՀ իշխանության ջրաղացին:

Էմմա Պալյան