Օրերս «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հարությունյանը որոշակի հարցեր ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Հարցը, նշենք, որ կոռեկտությունից դուրս էր, ինչը մեջբերում ենք, որոշակի կրճատումներով. «Պարոն Մինասյան, ձեր գործընկեր և գաղափարական ընկեր Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում մի անգամ Հրայր Թովմասյանին ասաց «չ….խ», չեք համարո՞ւմ, որ «չ….խ»-ի գրած Սահմանադրությանը «կողմ» քվեարկելով դուք էլ եք «չ….խություն» անում»:
Հոկտեմբերի 14-ին Վարդան Հարությունյանը որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը բռնության էր ենթարկվել ՀՅԴ-ականների կողմից: Մասնավորապես ըստ ակտիվիստի իր այդ հարցից հետո, իրեն է զանգել ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը, որից հետո նաեւ գրառում արել: ՀԱԿ անդամ, ակտիվիստ Վարդան Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե դաշնակցական երիտասարդներն իր համար «անակնկալ» էին պատրաստել. 5 հոգանոց խմբով դարանակալել էին իրենց տան շքամուտքը, քաշքշոց է տեղի ունեցել իրենց միջեւ, իրեն հարվածել են:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, եւ ինչպես է մեկնաբանում այդ ամենը ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։ Araratnews.am-ը կապ հաստատեց երիտասարդ դաշնակցականի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ: «Մեկնաբանելու իրավունք տրված է միայն Գերագույն մարմին: Ես դաշնակցական եմ եւ ենթարկվում եմ Գերագույն մարմնին»,- ասաց Վարդանյանը: Նրան հարցրեցինք, թե միայն ա՞յս հարցը մեկնաբանել չի կարող, թե՞ առհասարակ ՀՅԴ ԳՄ-ն արգելում է շարքային դաշնակցականներին մամուլի հետ շփվել, Վարդանյանն արձագանքեց. «Շատ բաներ կարամ մեկնաբանեմ, բայց կոնկրետ քաղաքական հարցեր կան, որոնք իմ իրավասությունների մեջ չի մտնում մեկնաբանել այս պահին»: Նա նաեւ հավելեց, որ կատարվածի վերաբերյալ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն արդեն մեկնաբանել է, եւ ինքն ավելացնելու որեւէ բան չունի:
Նշենք, որ «Ազատության» հետ զրույցում Ա. Մինասյանն ասել էր, որ ակտիվիստի խոսքերին անլուրջ է վերաբերվում, կարձագանքեն միայն, եթե «Ո՛չ»-ի ճակատը կամ էլ ՀԱԿ-ը հայտարարություն անեն:
Հավելենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամների հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: