տուն Լուրեր ՀԽ-ում նիստ է եղել. ի՞նչ կապ ունի «Ֆիլիպ Մորիսը»

ՀԽ-ում նիստ է եղել. ի՞նչ կապ ունի «Ֆիլիպ Մորիսը»

138
0

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր՝ մայիսի 31-ին, քննարկվել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը ՀՀ կառավարության որոշմամբ 25 տարի ժամկետով «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերությանը տրամադրելու հարցը։

Հանձնաժողովի անդամներից, գիտատեխնոլոգիական կենտրոնի մի խումբ գիտաշխատողներից բացի, քննարկմանը մասնակցել է միայն ՀՀ կրթության, գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, մինչդեռ հրավիրված եմ եղել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերության ներկայացուցիչները։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը նշել է, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերությունն իր միջոցներով վերանորոգել է տարածքը և իրենց հետ երկարաժամկետ համագործակցության նպատակ ունի, մինչդեռ կառավարության որոշման արդյունքում իրենց առաջարկվում է լաբորատորիան տարածքից ազատել և տեղափոխել այլ մասնաշենք։ Իրենք դեմ են, քանի որ համարում են, որ լաբորատորիա տեղափոխելը դյուրին գործ չէ, և տեղափոխման հետևանքով իրենց աշխատանքները երկար ժամանակով կկասեցվեն, բացի այդ, այլ տարածքում իրենց աշխատանքներն արդյունավետ չեն լինի և, ի վերջո, նպատակահարմար չէ, որպեսզի մասնավոր ընկերությունը զբաղեցնի պետական գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքը, հատկապես, կենտրոնն ընդլայնվելու և այլ ծրագրեր իրականացնելու ռեսուրսներ ունի։

Մինչ կառավարության որոշումը, կողմերի միջև ծագած խնդիրները հարթելու և փոխհամաձայնության գալու նպատալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավված են եղել բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները։

Վիգեն Թոփուզյանը, որը նույնպես ներգրավված է եղել այդ հանձնաժողովում, հայտարարում է, որ հանձնաժողովը երկու նիստ է գումարել և ըստ պայմանավորվածության՝ ևս մեկ նիստ էլ պետք է գումարեր, որպեսզի կողմերը վերջնական դիրքորոշում հայտնեին, սակայն երրորդ նիստն այդպես էլ տեղի չի ունեցել։ Փոխարենը նախարարին հանձնաժողովի կողմից ներկայացվել է մի եզրակացություն, որի հիման վրա էլ կառավարությունը որոշում է կայացրել։ Թոփուզյանը պնդում է, որ ինքը՝ որպես հանձնաժողովի անդամ, տեղյակ չէ այդ եզրակացության տեքստից, նախարարի խորհրդականն էլ հակադարձում է՝ նշելով, որ թեև հանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել, սակայն շփումը շարունակվել է էլեկտրոնային եղանակով, նույն եղանակով էլ հանձնաժողովի անդամներին նախապես ուղարկվել է եզրակացության տեքստը։ Իսկ թե ինչո՞ւ Թոփուզանն այդ նամակը չի ստացել, խորհրդականը խոստացել է ճշտել։

Ինչևէ, Թոփուզյանը համարում է, որ հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը, որը հիմք է հանդիսացել կառավարության խնդրահարույց որոշման համար, միակողմանի է, չի արտահայտում բոլոր կողմերի, մասնավորապես գիտատեխնոլոգիական կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի կարծիքը, որոնք դեմ են իրենց կենտրոնի մասնաշենքը մասնավոր ընկերությանը տրամադրելուն։

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ամփոփելով քննարկումը, հայտնել է, որ քննարկման արդյունքում կկայացվի որոշում և հարցը կներառվի նաև Հանրային խորհրդի օրակարգ, որն էլ իր դիրքորոշումը կհայտնի կառավարությանը։