Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ մատնանշելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցած բողոք ակցիաների ընթացքում գրանցված իրավախախտումների մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը 2019-ի հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Բաքվի կենտրոնում ցրել է 2 խաղաղ ցույց, ձերբակալվել եւ դաժանորեն ծեծվել են տասնյակ խաղաղ ընդդիմադիրներ եւ քաղաքացիական ակտիվիստներ:
«Ադրբեջանի կառավարությունը եւս մեկ անգամ ցույց տվեց մարդու իրավունքների լիակատար անտեսում: Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն բոլոր ցուցարարներին եւ հետաքննեն իրավապահ մարմինների կողմից կոշտ վերաբերմունքի մասին ցանկացած հայտարարություն»,- հայտարարել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով HRW տնօրենի տեղակալ Գեորգի Գոգիան: Նրա խոսքով՝ ոստիկանությունը չպետք է ուժ կիրառեր ցուցարաներին ցրելու համար, որոնք որեւէ սպառնալիք չէին ներկայացնում:
«Հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է, եւ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հանդուրժել խաղաղ ցույցերը, նույնիսկ Բաքվի կենտրոնում»,- ընդգծել է Գոգիան:
Հայտնի է նաև, որ հանրահավաքից առաջ իշխանություններն ընդդիմադիր կուսակցությունների առնվազն 10 բարձրաստիճան անդամի են ձերբակալել: