Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն է արտահայտում ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության ակնհայտ խախտման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը: Ըստ հայկական լրատվամիջոցների ս/թ նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցները, որոնց առանց մեղադրանքի առաջադրման պահում են ոստիկանատանը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ: ՀՀ քաղաքացուն ազատությունից ապօրինաբար զրկելը` օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելը, օրենքի կոպիտ խախտում է եւ մեղավորները անմիջապես պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորում է հայաստանյան իրավապահ մարմիններին չառաջնորդվել իրավունքի եւ օրենքի հետ կապ չունեցող, բազմիցս անգամ ապօրինաբար` այլ նպատակներ հետապնդող, մոտեցումներից` անհարկի կալանավորումից եւ առանց դատարանի որոշման պատժի` կիրառումից:
Մեր կողմից բազմիցս անգամ նշվել է, որ քաղաքական գործիչների եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ հարուցվող իրավական հետապնդումները պետք է իրականացվեն բացառապես օրենքի բոլոր կանոնների պահպանմամբ: Ժամանակն է, որպեսզի իրավապահ մարմինները հրաժարվեն, անհարկի, չպատճառաբանված եւ չհիմնավորված խափանման միջոցների կիրառումից: Ակնհայտ է, որ բերման ենթարկվածներից որեւէ մեկը` հատկապես Շանթ Հարությունյանը, չի պատրաստվում թաքնվել քննությունից կամ խանգարել քննությանը: