Հունվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես միացավ ԵՏՄ-ին, եւ հունվարի 1-ից էլ պաշտոնապես գործում են մաքսային նոր կարգավորումները: Սակայն ներմուծողների եւ արտահանողների շրջանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչպես են կատարվելու մաքսային ձեւակերպումները, որտեղ է գանձվելու ավելացված արժեքի հարկը եւ ինչ կարգով, ինչպես են ձեւակերպվելու Վրաստանով Ռուսաստան արտահանվող ապրանքները եւ այլ հարցեր գործարարների համար պարզ չեն: Ֆինանսների նախարարությունը տարեվերջին մաքսային բրոքերների համար խորհրդակցություն էր հրավիրել, որը ոչ թե նվազեցրել, այլ ավելի շատ հարցականներ էր ծնել: Դրանցից մեկը, որի մասին խոսում են գործարարները, այն է, որ ԵՏՄ կանոնակարգերի կիրառումը Հայաստանի համար հետաձգվում է: Սրա պաշտոնական հաստատումը դեռ չկա: Մի բան հստակ է, սակայն՝ ՀՀ-ում գործող Մաքսային օրենսգիրքն այլեւս ուժի մեջ չէ, ԵՏՄ մաքսային օրենսդրությունն ընդունված չէ, եւ սրանց փոխարեն հունվարի 1-ից ուժի մեջ է մի անցողիկ փաստաթուղթ՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը: Հենց այս փաստաթուղթը պետք է հարցերի պատասխանները տա, բայց այն հասկանալի չէ գործարարների համար, քանի որ հղումներ է պարունակում ԵՏՄ անդամակցության շրջանակներում կնքված տարատեսակ համաձայնագրերի: Մեզ հետ զրույցում խոշոր գործարարներից մեկը, ով զբաղվում է մսամթերքի ներմուծմամբ, այս նոր կարգավորող փաստաթուղթը «Թալմուդ» անվանեց: «Սա հրեական Թալմուդի նման մի բան է: Տասնյակ համաձայնագրեր կան, ես պետք է կարդամ հոդվածը, հետո վերցնեմ համաձայնագրերը, քրքրեմ ու հասկանամ, թե ինչի մասին է խոսքը: Հստակություն չկա: Հիմա ես ուզում եմ փորձել ներմուծումներ կատարել Ղազախստանից, բայց ես միանգամից ռիսկի չեմ դիմի: Մինչեւ ծանոթանամ նոր կանոնակարգերին, մինչեւ հասկանամ, թե գործնականում դրանց տակ ինչ խութեր կան, ժամանակ կանցնի: Ինքնին տնտեսական կյանքի տեմպը հետ ընկավ»,- ասաց նա: Գործարարի կարծիքով, մաքսավորները չեն տիրապետում ԵՏՄ կարգավորումների ամբողջական համակարգին, պակասում են թրեյնինգներն ու դասընթացները գործարարների համար: «Խոշոր ընկերությունները կկարողանան պահել մասնագետների, որոնք կյուրացնեն նոր կարգավորումները, բայց մյուսները ո՞նց անեն դա: Ավելի քան մեկ տարի ժամանակ ունենալով, մեր կառավարությունը ձգձգեց այս պրոցեսը, փոխանակ փաստաթղթերը պատրաստ լինեին հունիսին, հուլիսին: Մեր կառավարությունը ժամանակը վատնել է: Ամենավերջին պահին անպատրաստ վիճակում փաստաթուղթ է ստորագրել՝ ուղղակի պլան կատարելու համար»: Արարատյան մաքսատանը, սակայն, վստահեցնում են, որ ոչ մի խնդիր, մաքսային ձեւակերպումների հետ կապված, չկա:
Մենք կապվեցինք մաքսատան բաժնի պետերից մեկի հետ, Պապյան ազգանունով, ով մառախլապատ եւ խորհրդավոր պատասխաններ էր տալիս մեր հարցերին. «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ ա, մենք աշխատում ենք օրենքով սահմանված կարգով: Մնացած հարցերին իրավասու չեմ պատասխանելու»: «Նոր փաստաթղթերի ձեւեր ունե՞ք՝ բավականաչափ քանակությամբ, մարդիկ ի՞նչ բարդություններ ունեն մաքսային ձեւակերպումները կատարելիս, ի՞նչ փոփոխություններ կան ԵՏՄ մտնելուց հետո ձեւակերպումներում»: «Մեզ մոտ բողոք չկա: Ինչպես որ ստորագրել ենք, այնպես էլ մենք աշխատում ենք»: Ֆինանսների նախարարության աշխատակիցները երեկ հեռախոսազանգերի չէին պատասխանում:
Արդեն 12 օր է, ինչ Հայաստանում մաքսային եւ հարկային նոր կանոններ են գործում, եւ տրամաբանական կլիներ, որ այս սուպերնախարարությունն աշխատեր ուժեղացված գրաֆիկով: Սակայն ֆիննախը երեկ դեռ վայելում էր ամանորյա արձակուրդը: Այն ապրանքները, որոնք անցյալ տարվա պայմանագրերի եւ անցյալ տարվա մատակարարումների հիման վրա են ներկրվում, շարունակում են մաքսազերծվել հին օրենսգրքով եւ նույն տարիֆներով: Իսկ որոնք, որ նոր՝ 2015 թվականի պայմանագրերով կամ նոր մատակարարման պայմանավորվածությունների հիման վրա են լինելու, կիրականացվեն նոր Մաքսային միության շրջանակներում գործող տարիֆների հիման վրա: Այսպես իրավիճակը պարզաբանեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Սակայն, ըստ նրա, նոր պայմանագրերի հիման վրա դեռ գործարքներ չեն կատարվում: «Իսկ հին պայմանագրերով աշխատողներն առավել եւս պասիվ են հիմա,- ասաց նա:- Այն ընկերությունները, ովքեր դեկտեմբերի կեսին դադարեցրին արտահանումը Ռուսաստան, տեսնելով, որ ռուբլով գործարքները ձեռնտու չեն, նրանք, ովքեր ունեին դոլարային վարկեր, դեռ չեն սկսել մատակարարումները: Նախ, նրանք դեռ տեղեկացված չեն: Նաեւ իրավիճակը Ռուսաստանի թույլ չի տալիս: Միաժամանակ, նրանք դիմել են բանկերին, որպեսզի բանկերը մարման ռեժիմները վերանայեն: Դեռ հայտնի չէ, թե բանկերն ինչպես կվերաբերվեն իրենց պահանջներին, որովհետեւ, եթե այդ ընկերությունները չկարողանան իրենց շնչառությունը վերարտադրել, խնդիրներ կունենան եւ չեն շարունակի աշխատել: Ուր մնաց նոր պայմանագրեր կնքեն: Ռուսաստանի վիճակը դեռ շատերին տագնապ է ներշնչում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։