տուն Մամուլ «Հրապարակ». Երկրում կառաջացնեն տրանսպորտային հեղափոխություն

«Հրապարակ». Երկրում կառաջացնեն տրանսպորտային հեղափոխություն

62
0

hraparak

Երկու օր է, ինչ երթուղայինների վարորդները բողոքի ակցիաներ են անում գազի թանկացման դեմ եւ հայտարարում, որ եթե վիճակը չկարգավորվի, կշարունակեն ակցիաներն ու գործադուլները եւ անգամ գլխավոր հրապարակը կփակեն: Երեկ նրանք լրագրողներին հարցնում էին՝ ո՞ւր են այն քաղաքացիական նախաձեռնությունները, որ ակցիաներ էին կազմակերպում, պայքարում տրանսպորտի թանկացումների դեմ, իսկ այսօր իրենց հետ չեն: Ավելի ուշ տեղեկացանք, որ երիտասարդները հանդիպել են նրանց, իսկ «Վճարում ենք 100 դրամ»  նախաձեռնությունը բաց նամակով սատարել է բողոքող վարորդներին: «Պետպաշտոնյաների, գծատեր-պատգամավոր-օլիգարխների շահույթ ստանալու մոլուցքը հիմա էլ ավելի նեղ վիճակի մեջ է դնում վարորդներին: Նրանք ցանկանում են հարստանալ թե՛ ուղեւորների եւ թե՛ վարորդների հաշվին, միայն թե իրենց եկամուտը չպակասի: 2013 թվականի զանգվածային շարժման արդյունքում 150 դրամ ուղեվարձը նորից դարձավ 100 դրամ: Քաղաքացիների այդ պայքարի արդյունքում 2013-ի հուլիսից մինչ օրս մենք՝ երեւանցիներս, խնայել ենք մոտ 20 միլիարդ դրամ կամ 50 միլիոն դոլար: Այս գումարը մեր գրպաններից շորթած կլիներ քաղաքապետարանը, կոռումպացված ու քրեական տարրերն ու գծատերերը: Այժմ էլ եկել է վարորդների հետ համերաշխություն ցուցաբերելու ժամանակը: Մեր շահերը համընկնում են` արդար տրասպորտային համակարգ, վարորդներին՝ արժանապատիվ վարձատրում»,-գրված է նախաձեռնության տարածած գրության մեջ:

Նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանը նշեց, որ դեռեւս հստակ քայլեր չկան, թե ինչպես են միանալու եւ աջակցելու վարորդներին: «Այսօր արդեն այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ վարորդները պայքարում են ոչ թե միայն գազի գնի թանկացման դեմ, այլեւ ընդհանուր թանկացումների՝ այսինքն, եթե սկսենք պայքարը, այն կդառնա համազգային պայքար ընդհանուր թանկացումների դեմ»,-ասաց Կարենը՝ ավելացնելով, որ փորձելու են ուսումնասիրել եւ միջոցներ ձեռք առնել վարորդներին օգնելու համար:

«Ո՛չ գազի գնի թանկացմանը» նախաձեռնության անդամ Անի Կաղինյանն իր հերթին կոչ է անում չհապաղել, սկսել պայքարը: «Վարորդների պահանջն ամբողջովին արդարացված է, եթե մարզերի գազալցակայաններում գազի գինը չի թանկացել, ինչո՞ւ են Երեւանում բարձրացել գները: Չի կարելի անվճար աշխատեցնել վարորդներին՝ տեսախցիկների, արագաչափերի ու պլանների տակ»,-ասաց  Կաղինյանը: Նա առաջարկում է, որ երիտասարդները կանգնեն վարորդների կողքին, քանի որ նրանք առաջին անգամ ժողովրդի սրտից են խոսում, եթե հարկ լինի, գազալցակայանների մոտ եւս պետք է բողոքի ակցիաներ կազմակերպել.  «Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ սոցիալական բունտ լինի, պետք է այնպես անեն, որ պլաններն իջեցնեն, հակառակ դեպքում քաղաքացիական բունտ կսկսվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում