տուն Մամուլ «Հրապարակ». Ղարաբաղցին հայաստանցի չէ, ընտրակաշառք չի վերցնում

«Հրապարակ». Ղարաբաղցին հայաստանցի չէ, ընտրակաշառք չի վերցնում

88
0

hraparak5

Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից, կարելի է ասել, գոհ են բոլորը՝ թե միջազգային դիտորդները, թե տեղականները եւ անգամ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, որի Արցախ գործուղված պատգամավորները հիացական կարծիքներ հայտնեցին ընտրություններից:

Նրանք ուշադրության արժանի չեն համարում այն, որ ընտրությունների արդյունքում գործող վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը կդառնա ԱԺ մեծամասնություն, մինչդեռ ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում կլինի ընդամենը 10 տոկոս՝ 33-ից երեքը:

ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախի ընտրություններում ակտիվ դիտորդություն արած Կարինե Աճեմյանը վարչապետի կուսակցության հավաքած տոկոսներին չի կասկածում. «Անցած ընտրություններին էլ եմ ես մասնակցել ու շատ լավ գիտեմ, թե ով ինչպես է աշխատել, եւ ձայներն ինչպես են հավաքել: Իրականում այդ կուսակցության հաղթանակը բոլորի կողմից էր սպասելի»: Կարինե Աճեմյանը կրկնում է՝ տեղի են ունեցել ազատ, արդար ընտրություններ, եւ ժողովուրդը կարողացել է լիարժեք իր կամքն արտահայտել. «Ես բազում տեղամասերում եմ եղել, եւ բոլորում անխտիր կարգուկանոն է եղել, որեւէ տհաճ միջադեպ չի եղել, չենք արձանագրել, եւ դա միայն մեր կարծիքը չէ, այլ միջազգային դիտորդների: Ովքեր առհասարակ շփվում են արցախցիների հետ, նրանք կփաստեն, որ արցախցիներին հնարավոր չէ պարտադրել, ես գիտեմ ընտանիքներ, որի անդամները տարբեր կերպ են քվեարկել»:

ԲՀԿ-ական, ղարաբաղցի Միքայել Մելքումյանը ՀՀԿ-ական տիկնոջից ավելի պինդ գովեց ընտրությունները եւ առիթը բաց չթողեց՝ շնորհավորելու արցախցիներին:

Փաստորեն, ԼՂՀ իշխանություններին հաջողվում է արդար ընտրություններ անցկացնել, իսկ Հայաստանին՝ ոչ: «Ղարաբաղցին ընտրակաշառք չի վերցնում, պատվախնդիր է, կրթական ցենզը գնահատող մարդ է եւ առեւտրական էլ չէ: Ես կարող եմ կոնկրետ բնակավայրերով էլ խոսել: Ճարտար քաղաքի օրինակով կարող եմ ասել, որ այնտեղ բոլոր ընտրություններն են այդպիսին եղել, շատ պատվախնդիր մարդիկ են, այն, ինչ որ այստեղ կա, այնտեղ չկա»:

Կնշանակի՝ Ղարաբաղի իշխանությունները հայաստանյան իշխանավորների կամակատարները չեն: «Չէ, ղարաբաղցին դիմադրում է»: Հիշեցմանը, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր կուսակցականները բարձրաձայնում էին ճնշումների եւ ադմինիստրատիվ լծակների օգտագործման, ինչպես նաեւ ԱԺ համամասնությունը նախապես ծրագրելու մասին, Մելքումյանը պատասխանեց. «Հնարավոր է որոշակի բան, բայց դա չի խախտում որակը, որակը չի գցում, այսինքն, ըստ էության, ղարաբաղցին ոնց ուզում է, այդպես էլ անում է»:

Ուրեմն Ղարաբաղի ժողովուրդը գոհ ու երջանիկ է, եւ ընդամենը մոտ 10 տոկո՞սն է ընդդիմադիր: «Ղարաբաղի համար իշխանությունն ու ընդդիմությունը շատ հարաբերական է, դասական պայմաններ չեն»: Այս համատեքստում է, որ, ըստ Մելքումյանի, ընկալելի է նաեւ Հայաստանում որպես ընդդիմություն, Արցախում իշխանություն հանդես եկող ՀՅԴ-ի պահվածքը: Հիշեցնենք, որ ԼՂՀ նոր խորհրդարանում ՀՅԴ-ն մեծությամբ երկրորդ խմբակցությունն է լինելու: «Հիշո՞ւմ եք, որ 90-ականներին Դաշնակցությունը մի կարգախոս ուներ՝ «Դեպի երկիր», դե, ՀՅԴ-ն այնտեղ կոնկրետ քաղաքականություն է իրականացնում, իր ծրագրային դրույթներից մեկն է, լավ ա անում, թող անի»:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես կարեւորում է դիտորդների գնահատականները, որ «անգամ Հայաստանից էլ լավ են անցել ընտրությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: